Արմինֆո. Ամերիաբանկը ՓՄՁ բիզնես վարկերի տրամադրման համար ներդրել է սքորինգի համակարգը: Այս մասին Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված լիագումար նիստերի շրջանակում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ սպառողական վարկավորման և բիզնեսի տնօրեն Արամ Բալոյանը:
Ըստ նրա, նախկինում նման համակարգը օգտագործվել է ֆիզիկական անձանց համար, այսօր այն իրականություն է դարձել նաև իրավաբանական անձանց համար: Նոր ծառայությունից օգտվելու դեպքում ՓՄՁ-ները կարող են րոպեների ընթացքում ստանալ 1-10 միլիոն դրամի չափով վարկ, տարեկան սկսած 13.5 տոկոս տոկոսադրույքով, առանց դիմումի և գրավի ուսումնասիրման վարձավճարների:
«ՓՄՁ վարկավորման ավտոմատացված սքորինգային համակարգը տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա թույլ է տալիս մի քանի րոպեում ընդունել վարկ տրամադրելու մասին որոշում: Դրա համար անհրաժեշտ է այցելել բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց դիմումը և նույն ռեժիմում ստորագրել վարկային համաձայնագիրը: Այսպիսով, բանկի հետ շփումն ամբողջովին փոխանցվում է առցանց հարթակ», - բացատրել է նա:
Ա.Բալոյանը նշել է, որ նման ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՓՄՁ-ների, հատկապես միկրոբիզնեսի համար վարկերի նկատմամբ մատչելիության ապահովման ցանկությունով: ՓՄՁ-ների ճնշող մեծամասնությունը դեռևս նախընտրում է աշխատել կանխիկ դրամով, առանց բանկային ծառայություններին դիմելու: Դրա արդյունքում հաճախորդը չի ունենում վարկային պատմություն, որի հիմքում ընկած են բանկերի հետ վստահելի փոխհարաբերությունները: Միևնույն ժամանակ, վարկի տրամադրման ժամանակ Բանկը խիստ պահանջներ է ներկայացնում վարկառուին, մասնավորապես, փաստաթղթերի առումով - բյուրոկրատիայի մակարդակը դեռևս բարձր է», - պարզաբանել է նա:
Ըստ ԱրմԻնֆո-ի կողմից պատրաստված`Հայաստանի բանկերի ֆինանսական ռենկինգի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի արդյունքների, իր հիմնական ֆինանսական վարկանիշներով Ամերիաբանկը շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Բանկի ակտիվները կազմել են 710.3 մլրդ դրամ (1.5 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան աճը` 6.4%, վարկային ներդրումները` 494 մլրդ դրամ (1.02 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան աճը`11.8%: Բանկի վարկային պորտֆելում տնտեսությանն ուղղված վարկերը կազմում են ավելի քան 82% կամ 405,8 մլրդ դրամ (840,7 մլն դոլար, առաջին տեղ), տարեկան աճը`8,3%: Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 87 մլրդ դրամ (180.2 մլն դոլար, 3-րդ տեղ), իսկ բանկի ընդհանուր վարկային պորտֆելում`18%, իսկ շուկայում`12%, տարեկան կտրվածքով աճը`8.1%: Բանկը 2018 թվականի 9 ամիսները եզրափակել է 8.1 մլրդ դրամի (16.7 մլն դոլար, 1-ին տեղ) զուտ շահույթով, ապահովելով տարեկան 49.8% աճ:
Նշենք, որ Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են հանդիսանում` Ameria Group CY Ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited - 11.62%: