Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով Հայաստան ժամանած փորձագետ Անտուան Լուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ՝ նպատակն ունենալով տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը և ներդնել ոռոգման ժամանակակից համակարգեր: Կարևոր բաղադրիչներից են հողերի կոնսոլիդացումը և 20 կոոպերատիվների ստեղծումը` յուրաքանչյուրը շուրջ 100 հեկտար տարածքով:
Բարձր գնահատելով ֆրանսիական փորձի կիրառումը ծրագրի մշակման և իրականացման գործում` Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում կնքել դրա իրականացման վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը և աստիճանաբար անցնել գործնական քայլերի: Նկատի ունենալով Ֆրանսիայի վարկանիշն ու համբավը խաղողագործության և գինեգործության ոլորտներում` Գեղամ Գևորգյանը կարևորել է նաև ֆրանսիացի փորձագետների աջակցությունըաշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման հարցում: Առանձին անդրադարձ է կատարվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի բրենդավորման և գյուղատնտեսականկրթությանբնագավառում փոխգործակցության հնարավորությանը:
Ֆրանսիական զարգացման գործակալությունը ԵՄ հետ համատեղ «Ոռոգվող գյուղատնտեսություն՚ ծրագրի շրջանակում 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Արմավիրի և Արարատի մարզերի ոռոգման համակարգի բարելավման համար: 2018-2020թթ. համար նախատեսված ծրագրի շրջանակում ֆինանսավորումը կուղղորդվի կաթիլային ոռոգման համակրագի ներդրմանը, հողերի կոնսոլիդացմանը: Միջոցները կհատկացվեն գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, որն իր հերթին պատասխանատու կլինի ծրագրի իրագործման համար: Այս ծրագիրը փոխկապակցված է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի հետ, որը պետք է ապահովի Արարատի հարթավայրի 7500 հա հուսալի ոռոգումը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2016 թ. հունվարին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 75 մլն եվրո պայմանագիր՝ Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի հիման վրա: Վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով՝ վեցամյա արտոնյալ ժամանակաշրջանով: