Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանում ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի առաջարկը քաղաքական բնույթ է կրում, տեխնիկական խնդիրներ կայանում չկան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հարցազրույցում հայտարարել է ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Նշենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը ՀԱԷԿ վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի առաջարկում որպես փաստարկ է բերվել այն հանգամանքը, որ <ատոմակայանն աշխատում է աշխարհի ամենահին տեխնելոգիաներով>: Նրա խոսքով, ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի և շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100 տոկոսով աճել են: <Կառավարությունը պետք է որոշում կայացնի և քայլեր ձեռնարկի ՀԱԷԿ փակման ուղղղությամբ>,- հայտարարել է պատգամավորը:
Սակայն, ինչպես նշել է Մովսես Վարդանյանը, Հայաստանը ոչ պակաս շահագրգռված է կայանի անվտանգ շահագործմամբ, և երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագիրն ուղղված է այդ խնդրի լուծմանը: Անցկացվել է 1-3 կարգի սարքավորման համալիր հետազոտություն, որի 40% -ը փոխարինվել է ժամանակակից սարքավորմամբ: Համապատասխան արտոնագրեր ունեցող միջազգային ճանաչված ընկերություններն արտադրում և ԱԷԿ են մատակարարում այդ սարքավորումը:
Հսկայածավալ աշխատան է կատարվել նաև ԱԷԿ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, այսօր աշխարհում շատ պետություններ են օգտագործում նույն տեխնոլոգիաները և նույն ռեակտորը, և որևէ խնդիր նրանց մոտ չի առաջացել: Նա նաև փաստել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, որտեղ աշխատանքներն իրականացվում են նաև ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, և ունի ռեսուրսի երկարաձգման բոլոր հնարավորթյունները:
Ավելի վաղ Վարդանյանը հայտնել էր, որ Հայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունի: Ըստ նրա, 30 տարի կայանն արդեն աշխատել է, ևս 10 տարի կգործի արդիականացումից հետո, այսպիսով, գործող երկրորդ էներգաբլոկի մնացորդային ռեսուրսը կազմում է 20 տարի: Տեխնիկապես դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական նմանատիպ կայանների շահագործման ժամկետը երկարաձգվում է մինչև 60 տարի ժամկետով: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ որոշումը պետք է ընդունի հանրապետության կառավարությանը:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2027 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: