Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության քայլերն ուղղված են տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, և այդ առումով ՎԶԵԲ-ի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:
Սումանտրա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան` մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |