Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի և Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի: Նրանք բարձր են գնահատել հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը և նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարևորությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընլայնումը: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների կառավարությունների միջև հարաբերությունների ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում` գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Մուստաֆա Մադբուլին ընդգծել են բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը, որոնց ընթացքում գործնականում կքննարկվեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Զրուցակիցները կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Մուստաֆա Մադբուլին նշել է, որ այդ գործում ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |