Արմինֆո.Հայաստանն ու Լեհաստանը մշակում են տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Այդ մասին հայտնի է դարձել Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկի հանդիպման ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը` ընդգծելով առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ հաղորդել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը և Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաև բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ երկրների կողմից CEPA-ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:
Մատեուշ Մորավեցկին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը և բարեփոխումներին օժանդակելու գործում: Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |