Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիրե ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Սալեհին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները, «Մեղրիե ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ինչպես նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը և դրա ծավալների ավելացման հնարավորությունը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, որտեղ իր առանձնահատուկ դերն ունեն նշված ծրագրերը: Կարևորվել է նաև ոլորտի պաշտոնատար անձանց փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ և շուտափույթ լուծում:
Գարեգին Բաղրամյանը և Հոմայուն Հաերիին նշել են, որ շարունակելու են հետևողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2008 թվականից սկսած Հայաստան իրանական գազ է մատակարարվում «Գազ էլեկտրաէներգիայի դիմացե ծրագրի շրջանակում` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ / ժամ էլեկտրաէներգիայի հաշվարկով: Հունվարի կեսին այդ ժամանակ դեռ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է քննարկել իրանական գազի մատակարարման հնարավորությունը: Նա հիշեցրել էր, որ նախկինում քննարկվել է իրանական գազի մատակարարման հարցը, հավաստիացնելով, որ այն այժմ քննարկվում է եւ կքննարկվի մինչեւ կոնկրետ եւ շահավետ լուծում գտնելը:
Միևնույն ժամանակ, 2018 թ. հունիսին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուսական բնական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կարող է բանակցություններ սկսել Իրանից վառելիքի մատակարարման շուրջ: «Հայաստանը հետաքրքրված է էժան բնական գազի մատակարարմամբե, - ասել էր նախարարը: Ավելի վաղ նախկին նախարարը առաջին անգամ նշել էր Իրանի կողմից առաջարկվող գազի գինը` 160 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: