Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում ընդունել է ««Վեոլիա Ջուրե ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասինե որոշում:
Այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունը ընկերությանը կտրամադրի սուբսիդիա: Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց¬ման սակագների ճշգրտման մասին հարցը։Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օե ընկերության, «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը (որի համաձայն հաշվարկված 202,272 դրամ/խմ սակագնից 10,858 դրամ/խմ մեծությունը, համապատասխան ճշգրտումներից հետո, տեղափոխվել է 2025 թվական), որոշել է «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել 191,414 դրամ/խմ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Հանձնաժողովի սահմանած սակագնից 11,414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվել է ի գիտություն։ Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։