Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է տնտեսական հեղափոխությունը, հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
<Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ կառավարությունն ու վարչապետը հաստատել են, որ այսուհետ բոլորն ազատ են իրենց գաղափարների ու ծրագրերի իրագործման հարցում, իսկ կառավարությունը պատրաստ է օժանդակել այդ գաղափարների անարգել կյանքի կոչմանը>,- պարզաբանել է նախարարը:
Ինչպես ընդգծել է գերատեսչության ղեկավարը, հեղափոխությունը չպետք է ավարտվի, այն պետք է շարունակվի և արդյունքներ տա:
Խաչատրյանի խոսքով, <թավշյա հեղափոխությունից> հետո Հայաստանում տեղի է ունենում նոր ծրագրերի և գաղափարների առաջմղման համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործընթաց: Ինչպես նշել է նախարարը, օտարերկրյա ներդրողների, մասնավորապես՝ սփյուռքահայ գործարարների հետ քննարկումները վկայում են, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները նրանց մոտ լրացուցիչ հետաքրքրություն են արթնացրել Հայաստանի տնտեսության հանդեպ: Բայց քանի որ ներդրումների իրականացման գործընթացը՝ քննարկման պահից մինչև դրա իրականացումը, չի կարող այսրոպեական լինել, տվյալ փուլում գերատեսչությունը նախատեսված ներդրումային ծրագրերի և հետհեղափոխական շրջանում երկիր ներգրավված ֆինանասկան ռեսուրսների մասին հստակ տվյալների չի տիրապետում:
Հայաստանում տնտեսական հեղափոխությունն ուղեկցվում է նաև մոնոպոլիաների վերացման գործընթացով: Խաչատրյանի խոսքով, ավելի վաղ վարչապետի հանձնարարականով քննարկում է անցկացվել շուկայում մրցակցության ապահովման հարցի շուրջ: Արդյունքում սպասվում է հակամրցակցային ռիսկերի նվազեցմանն ուղղված օրինագծերի փաթեթի մշակում: Այսօր, ինչպես հավաստիացրել է նախարարը, չկան մոնոպոլիաներ կամ նման երևույթներ, որոնք օգտվում են կառավարության հովանավորությունից, և շուկայում բոլոր խաղացողները հավասար իրավունքներ ունեն: Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ շուտով Հայաստանի վառելիքի ներմուծման շուկայում նոր խաղացողներ կհայտնվեն:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս տարբեր ամբիոններից հայտարարել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության։ <Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարեւոր փուլում, եւ մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են եւ կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում>,- ասել է նա: