Արմինֆո. Սկսած 2019 թվականից՝ Ամերիա ՓԲԸ-ն դարձել է Ձեռնարկատիրության Հետազոտությունների Գլոբալ Ասոցիացիայի (GERA) բացառիկ գործընկերը Հայաստանում:
Սա նշանակում է, որ 2019թ. ընթացքում Հայաստանում կիրականացվեն ձեռնարկատիրության ոլորտի խորքային և համապարփակ հետազոտություններ Global Entrepreneurship Monitor (այսուհետ՝ GEM) զեկույցի համար՝ համաշխարհային հարթակ ներկայացնելով ՀՀ-ում տվյալ ոլորտի հնարավորություններն ու առավելությունները: GEM զեկույցում Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի ցուցանիշների ներկայացումից և համադրումներից զատ, կնախապատրաստվի նաև Հայաստանի համար Ազգային զեկույց, որը ենթադրում է առավել հանգամանալից վերլուծություն ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ:
GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է արդեն 19-րդ տարին անընդմեջ: Այն ձեռներեցության և գործարարության համապարփակ ցուցանիշների վստահելի աղբյուր է երկրներում տնտեսական քաղաքականություն մշակողների, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, Համաշխարհային բանկը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD): Նշենք, որ ներկայումս GEM-ի հետազոտություններում ներգրավված է աշխարհի ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Կանադան, ԱՄՆ-ն, իսկ մեր տարածաշրջանից՝ Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Վրաստանը:
GEM հետազոտությունը և համապատասխան զեկույցները հնարավորություն են տալիս քաղաքականության մշակողներերին և այլ շահագրգիռ կողմերին առավել հանգամանալից պատկեր ստանալ տվյալ երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների առանձնահատկությունների վերաբերյալ, համեմատել այն այլ երկրներում ձեռներեցության ոլորտի զարգացումների հետ, ինչը ոլորտի զարգացման համար առավել արդյունավետ և հիմնավորված միջոցառումների իրականացման նախապայմաններից է:
Նշենք, որ Ամերիան GERA –ի բացառիկ գործընկերն է Հայաստանում հինգ տարի ժամկետով:
***
«Ամերիա» ՓԲԸ
«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում :
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ameria.am: