Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակից կարող են դառնալ
ապահովագրական շուկայի մասնագետը, գյուղատնտեսական արտադրության մասնագետը, վնաս գնահատողը, գյուղատնտեսը, այգեգործը, ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտը, գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետը, ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։
Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում: Մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ: Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Գյուղատնտեսության նախարարության տվյալները, հայտնել էր, որ գերմանական զարգացման KFW բանկը Հայաստանին է տրամադրել 5.3 մլն եվրո դրամաշնորհ`գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման նպատակով: 4.8 մլն եվրոն կուղղվի բացառապես գյուղատնտեսական ապահովագրության համակարգի շրջանակներում ապահովագրության տոկոսադրույքների սուբսիդավորմանը, մնացած 515 հազար եվրոն կուղղավի խորհրդատվական ծախսերին: Հայաստանի կառավարությունը, ի դեմս Գյուղատնտեսության նախարարության, կհամաֆինանսավորի ծրագիրը 5 մլն եվրոյի չափով: