Արմինֆո. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցակցային իրավիճակի բարելավմանը, մեր երկրում հավասար մրցակցային պայմանների ապահովմանն ուղղված քայլերի իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները: Քննարկման օրակարգում էին նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին եւ դրանց փոփոխություններին առնչվող հարցերը՝ միտված մեր երկրում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար առավել բարենպաստ մրցակցային միջավայր ձեւավորելուն:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին ներկայացրել է տնտեսական մրցակցության ոլորտում ունեցած ձեռքբերումները, անդրադարձել միջազգային հեղինակավոր կառույցների, մասնավորապես Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներին, ըստ որի մեր երկիրը շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով բարելավել է դիրքերը միանգամից 9 կետով եւ այժմ գտնվում է 19-րդ հորիզոնականում, ընդգծելով, որ սա խիստ էական առաջընթաց ու ձեռքբերում է:
Շաբոյանը խոսել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք այլ հարցերի, մասնավորապես, մրցակցության բարելավման ուղղությամբ կատարված գործուն քայլերի, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ հանձնաժողովը կարեւորում է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը եւ շարունակում է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ տնտեսական մրցակցության ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման, օրենսդրության վերաբերյալ փորձագիտական գնահատականների ինչպես նաեւ Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |