Արմինֆո.Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:
Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում էլ, որի աջակիցներից է Եվրոպական ներդրումային բանկը, համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ: Անդրադառնալով կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացմանը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև աղբի տեսակավորման գործընթացի կիրառումը և նշել, որ ոլորտում արդյունքներ գրանցելու համար այս մոտեցումը ևս անհրաժեշտություն է:
Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել համագործակցության ուղղությունները և օժանդակել Երևանի համար հրատապ խնդիրների լուծմանը: Բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացման հարցում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել համագործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:
Հավելենք, որ Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության բանկն է, որը Արևելյան գործընկերության շրջանակում 8 մլրդ եվրո է տրամադրել մասնավոր հատվածի, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման և կլիմայական փոփոխությունների ծրագրերի ֆինանսավորմանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |