Արմինֆո. Փետրվարի 19-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երեւանում կազմակերպել էր ՎԶԵԲ-ի էներգետիկ վարկերի ծրագրերի շրջանակում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի հաջող ներդրում իրականացրած և իրագործած ֆինանսական կազմակերպությունների մրցանակաբաշխություն:
Էներգետիկ վարկերի ծրագրի մեկնարկից ի վեր հայաստանյան ձեռնարկությունները ստացել են մոտ 27 մլն եվրո Հայաստանի 7 ֆինանսական կազմակերպությունների կողմից կանաչ ֆինանսավորմամբ, որոնք ճանաչվել են ՎԶԵԲ լավագույն ծրագրային գործընկերներ:
Այսպեի, կանաչ ֆինանսավորման լավագույն գործընկերներն են ճանաչվել Ամերիաբանկը` ջերմոցային տնտեսությունների գծով, Արնսվիսբանկը` հանրային սննդի ոլորտում, ACBA-Credit Agricole Bank-ը` էներգաարդյունավետ բնակարանների գծով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚` ապրանքային փաթեթավորման արտադրանքի գծով, Ինեկոբանկը` տեքստիլ արտադրանքի գծով, ACBA Leasing լիզինգային ընկերությունը` վերականգնվող էներգետիկայի գծով, եւ SEF International ունիվերսալ վարկային ընկերությունը` կանաչ տնտեսությանը միկրովարկերի գծով:
Կազմակերպիչները նշել են, որ Հայաստանում լավագույն ճանաչված 6 նախագծերի իրականացումը նպաստել է մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատմանը:
Մասնավորապես, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն նշել է, որ Հայաստանի հետ փոխգործակցության հիմնական ուղղություններից մեկը միշտ եղել է էներգիայի ոլորտը, մասնավորապես` վերականգնվող: «Ապագան վերականգնվող էներգետիկայինն է, եւ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարություն մշակելիս հաշվի կառնենք այս ուղղությունը», - ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ, նա հաղորդել է, որ «կանաչ տնտեսություն» կոչվող նախաձեռնության շրջանակներում Բանկը համագործակցում է Հայաստանի ՓՄՁ ոլորտի հետ: «Համոզված եմ, որ պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակում մենք կնպաստենք Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը եւ զարգացմանը», - ասել է Դ.Գվինդաձեն, նշելով, որ կանաչ տնտեսության ֆինանսավորումը ներկայացված է Energo credits line բավականին արդյունավետ գաղափարախոսության շրջանակներում, որի իրականացումը սկսվել է 2013 թվականին: Այս համատեքստում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ այս նախաձեռնության շրջանակում վերջնական սպառողներինշահավետ հնարավորություններ են ընձեռվում, այդ թվում` ֆինանսական ռեսուրսների առումով: «Հայաստանում մեր բոլոր հնարավորությունները օգտագործում ենք ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը բարձրացնելու, մասնավորապես` էներգաարդյունավետության գծով», - ասել է նա:
Նշենք, որ 2006 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը, ընդհանուր առմամբ, 26 միլիարդ եվրո է ուղղորդել աշխարհի 38 երկրներ, որտեղ Բանկն ունի ներկայացուցչություն` կանաչ տնտեսության անցումը իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրող է: Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության սկզբից ի վեր, մասնավորապես, 1992 թվականից ավելի քան 1,2 մլրդ եվրո է ներդրվել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ հատվածներում 168 ծրագրերի իրագործման համար: Ընդ որում, այդ ներդրումների 88% -ը ուղղված է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: