Արմինֆո. Այսօր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց կանոնադրական կապիտալում մասնակցության մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ։ Մասնավոր գործարքի արդյունքում «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» (ՎԶԵԲ) և ամերիկյան «Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս» (DWM) ներդրումային ընկերության միջև կնքված համաձայնագրով վերջինս ձեռք է բերում ՎԶԵԲ-ին պատկանող Ինեկաբանկ ՓԲԸ բաժնետոմսերի մի մասը՝ տիրապետելով Բանկի ընդհանուր բաժնետոմսերի 5%-ին։
«Մենք ողջունում ենք Բանկի բաժնետերերի կազմում DWM-ի պես հեղինակավոր կառույցին։ Ձեռք բերելով Ինեկոբանկի բաժնետոմսերը՝ DWM ընկերությունը նշում է իր մուտքը հայաստանյան շուկա՝ ընդլայնելով իր ներկայությունը տարածաշրջանում», - նշեց Ինեկոբանկի խորհրդի նախագահ և հիմնադիր բաժնետեր Ավետիս Բալոյանը։
DWM-ի մասնակցությունը Ինեկոբանկի կապիտալում կնպաստի Բանկի ճանաչելիության բարձրացմանը միջազգային շուկաներում և կշարունակի ամրապնդել նրա դիրքերը Հարավային Կովկասի առաջատար բանկերի շարքում։
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ նմանօրինակ գործարքն է, որի արդյունքում տեղի է ունենում փոփոխություն բանկի կանոնադրական կապիտալում, ինչը վկայում է ներդրողների կողմից բանկի որդեգրած բիզնես մոդելի, գործընկերային միջավայրի, բանկի ապագայի տեսլականի և ներկայումս կիրառվող կորպորատիվ կառավարման պրակտիկայի հանդեպ մեծ վստահության մասին։ Մենք շարունակելու ենք ներգրավել նոր ներդրողների և ընդլայնել մեր բաժնետերերի կազմը՝ դառնալով առաջատարը Հայաստանի և Հարավային Կովկասի ֆինանսական սեկտորում»,- ամփոփեց Ավետիս Բալոյանը։
DWM-Ի ՄԱՍԻՆ
«Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս» (DWM) կազմակերպությունը զարգացող շուկաներում ներդրումներ կատարող ամերիկյան ներդրումային ընկերություն է, որի նպատակն է, առաջնայնություն տալով եկամտի ապահովմանը, իրականացնել ազդեցություն ապահովող ներդրումներ։ Ըստ ընկերության՝ ներդրողների համար ռիսկին համարժեք եկամտաբերությունը զարգացող երկրներում պետք է նաև ապահովի չափելի բնապահպանական և սոցիալական ազդեցություն։ DWM ընկերությունը հավատացած է, որ մասնավոր սեկտորը և կապիտալի շուկաները կարող են, և պետք է նպաստեն տնտեսական, բնապահպանական և սոցիալական ոլորտներում դրական փոփոխությունների։
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։