Արմինֆո. Հայաստանը և Իրանը հայտարարում են «Մեղրիե ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2019 թ. ապրիլին նախատեսվում է այդ առնչությամբ ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողները «Մեղրիե ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։
Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրիե ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրիե ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):
«Մեղրիե ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 100 ՄՎտ, Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,
հաշվարկային ճնշում՝ 90 մ, ճշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ, ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ, կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ 2007թ. մարտի 19-ին ՀՀ քաղաք Մեղրիում ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասինե համաձայնագիր: Թեև կողմերը հասել էին նախագծի վերջնական փուլին և շինարարության մեկնարկը հայտարարել դեռ 2012-ի նոյեմբերից, աշխատանքները դեռ չեն սկսվել` պատժամիջոցների առնչությամբ Թեհրանի հնարավորությունների սահմանափակման պատճառով: Արդյունքում անցած տարիների ընթացքում Արաքս գետի ջրերը ենթարկվել են տեխնոլոգիական փոփոխությունների, ուստի չի բացառվում թվերի և ծավալների հերթական փոփոխություններ: Նախագծի համաձայն, 323 մլն դոլար արժողությամբ շինարարությունը ֆինանսավորելու է իրանական ներդրումային ընկերությունը: Հայաստանն իր մասը կվճարի արտադրվող էլեկտրաէներգիայով, իսկ 15 տարի հետո կայանը կփոխանցվի հայկական կողմին:
ԱրմԻնֆո գործակալությունը հայտնել էր, որ այդ նախագծի իրագործման դեպքում ջրի ծավալը կարող է չբավարարել Մեղրիի ՀԷԿ համար: Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նախկին խորհրդական Արեգ Գալստյանը հայտարարել էր, որ էկոլոգիական խնդիրների պատճառով, որոնք առնչվում են Արաքսի ջրի ծավալի նվազմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային մասում Թուրքիայի կողմից ջրառին, հարկ է եղել վերանայել այդ նախագիծը` հզորության նվազեցման առումով: Եթե ի սկզբանե նախատեսվում էր կառուցել երկու կայան (Մեղրիում և Ղարաչիլարում (Իրան)` յուրաքանչյուրը 130 ՄՎտ և տարեկան շուրջ 850 մլն կՎտ ընդհանուր արտադրությամբ, ապա այժմ դիտարկվում է 100 ՄՎտ հզորության տարբերակը: