
Արմինֆո.: Վարչապետը զբաղվում է նոր ազգային ավիափոխադրողի ստեղծման հարցով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա նշել է, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են այդ բնագավառում առաջատար մասնագետները: <Աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրում են Հայաստանի օրենսդրությունը, հարևան երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունը: Համոզված եմ, որ մոտ ժամանակներս տեղաշարժ կունենանք այդ ոլորտում, և մենք կունենանք ազգային ավիափոխադրող: Ավելին, հավաստիացնում եմ ձեզ, որ կառավարությունը գիտակցում է ազգային ավիափոխադրողի ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Դա մեր ազգային անվտանգության հիմնական տարրերից մեկն է>,- ընդգծել է Կարապետյանը:
Նշենք, որ նախօրեին խորհրդարանում ելույթի ընթացքում <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, որ Հայաստանում ձևավորվել է ավիաոլորտի մասնագետների խումբ, ովքեր ունեն բիզնես ծրագիր, կան ներդրողներ նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու գործընթաց սկսելու համար: Դրա համար նրանց անհրաժեշտ են կառավարության որոշակի երաշխիքները և մի փոքր աջակցություն սկզբնական փուլում: Սակայն, նրա խոսքով, կառավարությունը որևէ կերպ աջակցություն չի ցուցաբերում այդ գործարարներին: Նա կոչ է արել կառավարությանը և վարչապետին զբաղվել այդ հարցով և օգնել ազգային ավիաընկերության ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում անկախությունից ի վեր երեք ազգային ավաիփոխադրող է եղել, որոնք փոխարինել են միմյանց՝ <Հայկական ավիաուղիներ>, <Արմավիա> և <Էյր Արմենիա>. վերջիններս սնանկացվել են կամ իրենք են սնանկացել՝ շուկայում անհավասար պայմանների կամ վատ մենեջմենթի պատճառով: Դրանից հետո կառավարությունը հռչակել է <բաց երկնքի> քաղաքականություն՝ հրաժարվելով նոր ազգային ավիափոխադրողի ստեղծման գաղափարից: