Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության, և բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով:
Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրվածություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը:
Տիգրան Ավինյանը և Սիրիլ Մյուլլերը կարևորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Տիգրան Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է և գործուն քայլեր են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար:
Այնուհետև, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին և նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները և կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |