Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Նշելով մեր երկրի համար համատեղ ծրագրերի կարևորությունը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել Գերմանական զարգացման բանկի հետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծրագրերի քննարկումն ու իրականացումը:
Գերմանական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում և մեր երկիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ բարձր տեմպերով զարգանալու համար: KfW-ի տարածաշրջանային տնօրենն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, ողջունել է այն, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտին տրվում է մեծ նշանակություն: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բնագավառում համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |