Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման պիլոտային նախագծի իրականացմանն ուղղված առաջին քայլն արվել է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԷԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը:
Նրա խոսքով, նախագծի իրականացման նպատակով ձեւավորվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ: Նախագիծը, ինչպես նշել է գլխավոր տնօրենի տեղակալը, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունի:
Առավել իրական երթուղին ԱՄՎ տեղափոխումն է երկաթուղով մինչև Փոթի, այնտեղից լաստանավով դեպի Ռուսաստան: Բայց այդ հարցում բանակցություններ են սպասվում վրացական կողմի հետ, որին արդեն համապատասխան հարցում է ուղարկվել։ <Հենց որ համաձայնեցվեն բոլոր մանրամասները, երեք պետությունների ՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կքննարկեն նախագծի իրականացման սկզբունքային հնարավորությունն ու պայմանները>, - ընդգծել է Գերա Սևիկյանը:
Նա նաև հայտնել է, որ ենթադրվում է դուրս բերել վեց վագոններից բաղկացած մեկ էշելոն, որոնց վրա կտեղադրվեն կոնտեյներները: Կոնտեյներներից յուրաքանչյուրում կտեղադրվեն աշխատած միջուկային վառելիքով 84 կասետ՝ ընդհանուր առմամբ շուրջ 50 տոննա: Ընդ որում, ԱՄՎ-ն դուրս կբերվի ոչ թե թաղման, այլ վերամշակման համար: <Վերամշակման ընթացքում բավականին թանկարժեք տարրեր են գոյանում ՝ ուրան- 235 և պլուտոնիում։ Պլուտոնիումն առայժմ հայկական կողմին չի հետաքրքրում, իսկ ուրանը կարող է օգտագործվել ՀԱԷԿ-ի համար վառելիք արտադրելու նպատակով։ Համապատասխանաբար, այդ վառելիքի գինը շատ ավելի ցածր կլինի և հաշվի կառնվի մեր փոխադարձ հաշվարկներում>, - ընդգծել է Գերա Սևիկյանը ՝ հավելելով, որ դա կլինի առաջին և վճռորոշ քայլը ։ <Բայց եթե վրացական կողմի հետ չստացվի, ապա ամբողջ ծրագիրը չի կարող իրականացվել>, - արձանագրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման հայ-ռուսական համատեղ համակարգող կոմիտեի նիստում որոշում էր կայացվել ԱՄՎ խմբաքանակի դուրսբերման և վերամշակման պիլոտային նախագիծ նախապատրաստելու մասին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |