Արմինֆո.Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Թեղուտի հանքավայրը շուտով գործարկվելու է: Այդ մասին մարտի 27-ին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով, ներկայում մեծ աշխատանք է տարվում տվյալ հանքավայրի գործարկման ուղղությամբ, և այդ գործընթացում ներգրավված մարդկ վստահեցրել են, որ այս նախագծով լինելու են լուրջ դրական տեղաշարժեր, և շատ շուտով ձեռնարկությունը կվերսկսի աշխատանքը:
Նշենք, որ հունվարի վերջին լրագրողների հետ զրույցում Թեղուտի հանքավայրի վերագործարկման հնարավորության վերաբերյալ իր լավատեսությունն էր հայտնել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով, կազմակերպչական հարցերը բանկի հետ (ՎՏԲ խումբ - խմբ.) կկարգավորվեն օրենքով սահմանված կարգով։ «Հարցն այն է, թե արդյոք -հույս կա վերագործարկելու Թեղուտը։ Այո, հույս կա։ Կարծում եմ ՝ ոչինչ չի խանգարում հանքավայրի վերագործարկմանը՝ բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո՚, - ասել էր նախարարը։ Այն հարցին, թե որքան է գնահատվում երկրի տնտեսության վնասը հանքի պարապուրդից, Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2017-ին Թեղուտն արտահանել է մոտ 120 մլն դոլարի արտադրանք: Ճիշտ այդքան է գնահատվում Հայաստանի տնտեսության համար բացասական ազդեցությունը 2018 թվին:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի կառավարության կողմից հավանության է արժանացել 2007թվի նոյեմբերին: Թեղուտի հանքավայրը Հանրապետությունում երկրորդն է իր պաշարներով` Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո։ Դեռևս 1972 թվականին այստեղ իրականացվել են երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում հաստատվել են 450 մլն տոննա հանքաքարի պաշարներ ՝ 1,6 մլն տոննա պղինձ և 99 հազար տոննա մոլիբդեն պարունակությամբ։ Բնապահպանական խնդիրների պատճառով 2018 թվականի փետրվարին նախագիծը դադարեցվել է։ Հանքավայրի շահագործումը կարող է շարունակվել միայն մի շարք տեխնիկական եւ բնապահպանական խնդիրների լուծումից հետո, որոնց պատճառով ընկերությունը, փաստորեն, զրկվել է վարկային աջակցությունից: 2018 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին հայտնել է, որ ՎՏԲ բանկը ընտրում է Թեղուտի նախագծի նոր օպերատորին:
Նշենք, որ «Վալլեքս Գրուպը՚ (VallexGroup) ստեղծվել է 1998 թվականին եւ միավորում է 20 դուստր եւ փոխկապակցված ընկերությունների: «Թեղուտ՚ ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100% - ը պատկանում է Կիպրոսի «Թեղուտինվեստմենտս Լիմիթեդ՚ ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100% - ը, իր հերթին, պատկանում է "Արմենիան Քափըր Փրոգրամ" ՓԲԸ-ին, որն ամբողջությամբ պատկանում է խմբի նախագահ Վալերի Մեջլումյանին, ինչպես նաեւ "BaseMetals" ՓԲԸ-ին, որը շահագործում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվող պղնձի-ոսկու հանքավայրը, Armenian Copper Programme (ACP) ՓԲԸ-ին, որը շահագործում է Ալավերդիի պղնձաձուլական կոմբինատը: