Արմինֆո. Հայաստանում խնայողությունների երկարաժամկետ պլանավորման ինդեքսը շատ ցածր է։ Այդ մասին ապրիլի 3-ին ՀՀ ԿԲ «Իմ ֆինանսների ամիսը՚ նախաձեռնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսական ուսուցման եւ սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը՝ խոսելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության անբավարար մակարդակի հիմնական խնդիրների մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունն ավելի շատ ծախսում է, քան վաստակում, ինչը տեղի է ունենում առավելապես վարկերի հաշվին։ «Մարդիկ այսօր, մեծ հաշվով, նախընտրում են ավելի շատ ծախսել, քան պլանավորել խնայողությունները ապագայի համար։ Իսկ երկարաժամկետ պլանավորումը բարեկեցիկ կյանքի հիմքերից մեկն է՚, - ընդգծել է նա։ Այդ տեսանկյունից ՀՀ ԿԲ ներկայացուցիչը որոշ հանձնարարականներ է տվել քաղաքացիներին։ Մասնավորապես, Ա. Մկրտչյանը խորհուրդ է տվել սեփական բյուջեի կառավարման հարցում օգտագործել 80/10/10 սկզբունքը, ինչը ենթադրում է ամսական խնայել եկամտի 10% - ը: Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ բյուջեն պետք է ձևավորել այնպես, որ պարտքը չգերազանցի ընդհանուր եկամտի 30%- ը։ Ի շարունակություն ասվածի՝ նա նշել է, որ հաճախորդների վարքագիծը փոխելու անհրաժեշտություն կա։ «Դա պահանջում է շարունակական ուսուցում, եւ հատկապես դժվար է այդ առումով ավագ տարիքի մարդկանց համար՚, - նշել է նա:
Ա.Մկրտչյանը հավելել, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև վարկային ծառայությունների տրամադրման անվտանգության հետ կապված հարցերին: Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում նկատվում է քաղաքացիներին կեղծ միջնորդներով վարկերի ձևակերպման միտում (դա, այսպես կոչված, կեղծ բրոքերն է կամ "սև" բրոքերը, առանց ֆինանսական գործառնության իրականացման լիցենզիայի, որը վարկի ձևակերպման հարցում օգնության քողի տակ փորձում է հաճախորդից հափշտակել-խմբ.) ։
Հիշեցնենք, որ «Իմ ֆինանսների ամիսը՚ ծրագիրը Հայաստանում մեկնարկել է Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ 2014թ.հոկտեմբերի 1-ից։ Ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԲ-ն, ՀՀ ֆինանսական հաշտարարը, ՀՀ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և այլն: Ծրագրին ակտիվորեն մասնակցում են նաև բանկերը, վարկային և ապահովագրական ընկերությունները: Միջոցառումն անցկացվում է տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու, նրանց վերաբերմունքը և վարքագիծը փոխելու նպատակով: