Արմինֆո. ԱԳԲԱ Լիզինգ լիզինգային ընկերությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը կնպաստեն ձեռնարկությունների, մասնավորապես ՓՄՁ-ների, կանաչ տնտեսության զարգացմանն ու արդիականացմանը, hայրենական սարքավորումների արտադրության խթանմանը, արտահանման աճին, մրցունակության բարձրացմանը, աշխատանքի պայմանների բարելավմանը և այլն:
Ինչպես նշել է ԱԳԲԱ Լիզինգի գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, ՀԳՀՄ-ի հետ համագործակցությունը թույլ կտա բիզնես զարգացման հետաքրքիր առաջարկներ ստանալու հնարավորություն ստեղծել ՓՄՁ-ների և գործատուների, այդ թվում ՝ միության անդամների համար: Մասնավորապես, ունենալ լիզինգային ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ֆինանսավորումից բացի նախատեսում է տարբեր հարցերի աջակցություն և լուծում, այդ թվում՝ կապված մատակարարների, ապահովագրության, խորհրդատվության, տրանսպորտային ծախսերի, ԱԱՀ-ի վերադարձի հետ: Միաժամանակ, ըստ Ա. Բազիկյանի, նրանք, ովքեր կդառնան ծրագրի շահառուներ, կկարողանան անվճար էներգաուդիտի ծառայություն ստանալ: Բացի այդ, համագործակցությունը ՀԳՀՄ-ի հետ կնպաստի լիզինգային ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ գործարարների և գործատուների իրազեկվածության բարձրացմանը:
<Այսուհետ մենք կարող ենք առաջարկել արտոնյալ պայմաններ մեր Green Leasing ենթաբրենդի շրջանակներում, ինչը կնպաստի կանաչ տնտեսության խթանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Մենք մտադիր ենք ֆինանսավորել վերականգնվող էներգիայի աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության համար թափոնների վերամշակման համար սարքավորման ձեռքբերումը և այլն>,-- ասել է նա։
Պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին՝ Ա. Բազիկյանը նշել է, որ այս պահին ընկերությունը համագործակցում է 14 հիմնադրամների հետ և իրականացնում է ավելի քան 30 լիզինգային ծրագրեր: <Յուրաքանչյուր հաճախորդի մենք առաջարկում ենք անհատական պայմաններ: Օրինակ ՝ արևային էներգետիկայի ծրագրերում լիզինգը տրամադրվում է 8-11,9% տոկոսադրույքով դրամային ֆինանսավորման դեպքում և 5-9%՝ դոլարային>, - ասել է նա ։ Ընկերության ղեկավարը նշել է, որ ֆինանսական հասանելիությունից բացի լիզինգային ծրագրին մասնակցությունը չի պահանջում գրավային ապահովման առկայություն ինչը պահանջում է ֆինանսական կառույցների մեծ մասը, այլ նախատեսում է բացառապես կանխավճար: Բացի այդ, լիզինգով ձեռք բերված սարքավորումները թույլ են տալիս իրականացնել հիմնական միջոցների համալրում ՝ պահպանելով լիզինգառուի զուտ շահույթը եւ չիջեցնելով դրա ֆինանսական արդյունավետությունը, պարզաբանել Է նա:
ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին հավելել է, որ լիզինգով ձեռք բերված սարքավորում կլինի արդիականացված ինչը կբարձրացնի աշխատանքի որակը: Նրա խոսքով, հուշագիրը պարունակում է նաեւ կրթական բաղադրիչ, որը ենթադրում է ժամանակակից սարքավորումների ճիշտ եւ անվտանգ օգտագործման ուսուցում և նպաստում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: