Արմինֆո.ՀՀ Պետեկամուտների կոմիտեն առավոտից ստուգումներ է իրականացնում <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող <Առինջ մոլում>:
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է <Առինջ մոլի> տնօրեն Սամվել Հակոբյանը, ՊԵԿ-ի աշխատակիցները մինչ ստուգումներն սկսելը հայտնել են, որ օպերատիվ տեղեկատվություն են ստացել հարկերը թաքցնելու մասին: <Բայց նման լայնածավալ ստուգումների անհրաժեշտություն չի եղել, մենք ինքներս կարող էինք ՊԵԿ - ին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը>, - հայտարարել Է Հակոբյանը:
Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՊԵԿ-ի գործողություններում քաղաքական հետք է տեսել: <Փաշինյանի թիմը գործում է Հանրապետական կուսակցության վատագույն ավանդույթների համաձայն, հենց որ ինչ-որ քաղաքական սրացում է առաջանում, ստուգումներ են սկսվում Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում։ Դա նման է քաղաքական հետապնդման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ այն նույն խստությամբ, որով նա հետաքննում է նախկինների գործերը, նույն խստությամբ նրա հետնորդները կհետաքննի նրա գործերը>, - նշել Է Պետրոսյանը ։
Նշենք, որ Ազգային ժողովում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո, որը հասարակական սուր արձագանք էր առաջացրել, <Բարգավաճ Հայաստան> կուսակցության և վարչապետ Փաշինյանի ղեկավարած <Իմ քայլը> դաշինքի միջեւ լարվածություն էր առաջացել: Երկու քաղաքական ուժերը փորձում են միմյանց վրա բարդել տրանսգենդերին լսումներին հրավիրելու պատասխանատվությունը ։ Նիստում նախագահող Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ տրանսգենդերին հրավիրել է <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը: Իսկ իշխող դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ հրավիրյալների ցուցակը ստորագրվել է հենց Զոհրաբյանի կողմից ։ Իսկ այսօր վարչապետ Փաշինյանն ընդհանրապես առաջարկեց Նաիրա Զոհրաբյանին փոխարինել մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, քանի որ տրանսգենդերի ելույթին նրա բուռն արձագանքը հարիր չէ այդ պաշտոնը զբաղեցնող մարդուն ։ Նա նաև այս ամենի մեջ քաղաքական սաբոտաժ է տեսել ՝ ուղղված իշխող դաշինքի դեմ։ ԲՀԿ-ն մերժումով Է պատասխանել Փաշինյանի առաջարկին ՝ համարելով, որ Զոհրաբյանը շատ լավ է կատարում իր պարտականությունները ։