Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը չի կարծում, թե ՙՍպայկա՚ ՍՊԸ նկատմամբ հարկային պահանջները նպատակ ունեն ՙվտարել՚ ընկերությանը գյուղմթերքի շուկայից։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը ։
Նախարարը կարծում է, որ ՙՍպայկա՚ ընկերության ՙտեղը՚ շուկայում երկար ժամանակ դատարկ չի մնա։ ՙՍպայկան՚ հրապարակային հայտարարություն է տարածել, որ հնարավոր է ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանա ամբողջությամբ իրականացնել գյուղմթերքի մթերումը՝ դրանով իսկ ազդակներ ուղարկելով շուկային ստեղծված նոր հնարավորությունների մասին, իսկ այնտեղ, որտեղ կան հնարավորություններ, կլինեն նաեւ նոր խաղացողներ՚, - նշել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը:
Ընդ որում, ինչպես ընդգծել Է նախարարը, գործող օրենսդրության համաձայն, ՙՍպայկայի՚ ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կհանվի պետությանը հասցված վնասի ամբողջական փոխհատուցումից հետո:
Մեկ շաբաթ առաջ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՊԵԿ-ը, հաղորդել էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը 7 մլրդ դրամի (մոտ 14,4 մլն դոլար) չափով հարկային լուրջ խախտումներ է հայտնաբերել ՙՍպայկա՚ ՍՊԸ-ի կողմից: Տեղեկացվել էր, որ միայն 01.01.2015-11.01.2016 թթ. ժամանակահատվածում ընկերությունը, օգտագործելով ստվերային սխեմաներ և չհայտարարագրելով օրենքով նախատեսված ժամկետներում ներմուծվող ապրանքների վերաբերյալ իրական տվյալներ, չի ներկայացրել անհրաժեշտ մաքսային հայտարարագրեր: Նշված խախտումները կատարելու համար ապրիլի 4-ին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելուց խուսափելը): Ապրիլի 10-ին Դավիթ Ղազարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Դրանից անմիջապես հետո ՙՍպայկա՚ ընկերության նախագծերի բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ ՙՍպայկայի՚ տնօրենին կալանավորելու մասին դատարանի որոշումը վտանգի տակ է դրել ընկերության բոլոր ծրագրերը։ "Մեր ընկերությանը վարկ են տրամադրել աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները։ Եվ հիմա ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա։ Չի կարելի այդպես վերաբերվել գործարարներին։ Դուք, պարզապես, կկործանեք տնտեսությունը՚, - ասել էր Բաղդասարյանը՝ դիմելով Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին։
Նա նաեւ հայտնել է, որ ընկերությունը ՎԶԵԲ-ից պետք է 67 մլն դոլար ստանար հերթական նախագծերի իրականացման համար, հայտնաբերված հարկային ապառքների պատճառով այդ միջոցները չի ստանա: ՙ"Սպայկան՚, որը 2010 թվականից գնումներ է իրականացնում Հայաստանի ավելի քան 80 համայնքներում, միջնորդավորված՝ եւս ավելի քան տասնյակ համայնքներից, հայտարարել է, որ այս պայմաններում չի կարողանա օգտվել շրջանառու միջոցներից եւ կազմակերպել նախապես ծրագրված գնումները: