Արմինֆո. Ամերիաբանկը Հերթական մարզային ՙԱբովյան՚ մասնաճյուղն է բացել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Սահմանադրության 7/2 հասցեում: Ընդհանուր առմամբ, սա բանկի թվով 19-րդ մասնաճյուղն է և 8-րդը ՝ մարզերում։ Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ ՝ ժամը 09: 30-ից մինչեւ 17:00-ը:
ՙՆոր մարզ մենք միշտ մտնում ենք նոր նախաձեռնություններով, հետաքրքիր արշավներով, որպեսզի մի քանի ամսվա ընթացքում ներգրավենք հաճախորդների բազա: Հիմնական առավելությունը կլինի այն, որ սպառողն առաջին փուլում առանց լրացուցիչ միջնորդավճարի կարող է դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և օգտվել մեր քարտային և այլ ծառայություններից՚, - ասել է Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ մասնաճյուղն իր աշխատանքը սկսել է 15 աշխատակիցների հետ։ Սակայն
ժամանակի ընթացքում, բիզնեսի ընդլայնմանը զուգընթաց, ինչպես նշել է Ա. Բարսեղյանը, աշխատակիցների թիվը կավելանա մինչև 25։ ՙՀաշվի առնելով նախորդ մասնաճյուղերի փորձը՝ տարվա ընթացքում, վստահ եմ, մենք կկարողանանք ներգրավել
բիզնես-հաճախորդների էական բանակ, ինչի առնչությամբ կավելացնենք նաև աշխատողների թիվը՚, - ասել է նա։
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին՝ Ա. Բարսեղյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է մի քանի մասնաճյուղերի բացում, մասնավորապես, հաջորդ
Ստորաբաժանումն Ամերիաբանկը կբացի Էջմիածին քաղաքում: ՙԱռաջին կիսամյակում շեշտը դրվելու է Հայաստանի մարզերի վրա։ Մենք տեսնում ենք, որ տնտեսական զարգացումն աստիճանաբար Երեւանից անցնում է մարզեր, ինչին համահունչ բանկը մտադիր է լիարժեքորեն օգտագործել ընձեռված հնարավորությունները: Այդ պատճառով Ամերիաբանկն առաջին կիսամյակում ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու մարզերում՚, - ընդգծել է Ա.Բարսեղյանը։
Նա նաեւ նշել է, որ Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնն ապրիլի 16-ից անցել է 24/7 աշխատանքի ռեժիմին: ՙԱյսինքն, տարածքային ընդլայնման քաղաքականությունից բացի, մենք բարձրացնում ենք սպասարկման որակը աշխատանքի ժամանակի տեսանկյունից, որպեսզի հաճախորդները հնարավորություն ունենան չկանխատեսված իրավիճակներում օգտվել բանկի ծառայություններից՚, - նկատել է Ա. Բարսեղյանը:
Ամերիաբանկի մասնաճյուղերի տարածքային վարչության պետ Անդրանիկ Խաչատրյանը, իր հերթին, նշել է, որ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք մինչեւ 2019 թվականի հուլիսի 31-ը հաշիվ կբացեն ՙԱբովյան՚ մասնաճյուղում, կստանան որոշակի արտոնյալ առավելություններ: Մասնավորապես, նա պատմել է, որ այդ մասնաճյուղում հաշիվ բացած իրավաբանական անձանց համար բանկն առաջարկում է անվճար տարեկան սպասարկում Ինտերնետ բանկինգ եւ Մոբայլ Բանկինգ համակարգերով, բիզնես-քարտի տրամադրում 1 տարվա ընթացքում անվճար սպասարկմամբ: Բացի այդ, ձեռնարկության 2 ղեկավարների կտրամադրվի մեկական դեբետային և վարկային քարտ՝ տարեկան անվճար սպասարկմամբ, բացառությամբ Infinite և Platinum տեսակի քարտերի:
Ֆիզիկական անձանց, Ա. Խաչատրյանի խոսքերով, բանկը կտրամադրի ինտերնետ/մոբայլ բանկինգ և Հեռախոսային Բանկինգ հավելվածների անվճար տարեկան սպասարկում, մեկ վարկային կամ մեկ դեբետային քարտ ' տարեկան անվճար սպասարկմամբ, բացառությամբ Infinite և Platinum քարտերի:
ՙԻնչպես բոլոր մարզերում, Ամերիաբանկն այս անգամ ևս հանդես է գալիս նոր առաջարկներով, մատուցելով լավագույն ծառայությունները, ներդնելով սպասարկման նոր որակ, ստեղծելով մրցակցություն այդ բնագավառում և ֆինանսավորելով նոր հետաքրքիր նախագծեր՚, - ասել է Ա.Խաչատրյանը:
Նշենք, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996թ. հոկտեմբերի 31-ից: 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Ամերիա Գրուպ CY Ltd.՝ 56,6%, ՎԶԵԲ-ը՝ 17,8%, Ասիական զարգացման բանկը՝ 13,98%, ESPS Holding Limited-ը՝ 11,62%: