Արմինֆո. Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր` տեխնոլոգիաների զանազան ոլորտներում, ինչպես մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Դրանք կվարեն միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Airbnb-ն և Hulu-ն:
Նախագծի շրջանակներում Երևան կհրավիրվեն ոլորտի խոշոր մասնագետներ միջազգային նշանավոր կազմակերպություններից: Նրանք Թումոյի ուսանողների հետ կանցկացնեն գործնական և ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում կմշակվեն իրական տեխնոլոգիական նախագծեր։
Մասնագետների ցանկում են Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի դասախոս ու ճարտարագիտության մագիստրոս Լուկա Պիսկորեցը և նույն համալսարանի թվային դիզայնի լաբորատորիայի դիզայնի գծով հետազոտությունների դոկտորի թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեն, Hulu հեռուստատեսային ցանցի ծրագրավորող Մեսրոպ Կյուրկչյանը և Airbnb-ի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը և այլոք: Կրթական նախագծերը կիրականացվեն 2019-ի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
«Մենք կարևորում են Beeline-ի ներդրումը` ուղղված Թումոյի կրթական ծրագրում տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ նախագծերի թվի ավելացմանը և նման հանրահայտ ընկերություններից մասնագետների ներգրավմանը: Այս համագործակցությունը մեր պատանիների համար ևս մի հնարավարություն է ստեղծում առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել պրակտիկ հմտություններ արդիական ոլորտներում և ավելի մրցունակ դառնալ մասնագիտական շուկայում», - ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Ուրախ եմ այսօր հայտարարել Թումոյի հետ այս հրաշալի համագործակցության մեկնարկի մասին։ Թումոն հայտնի է տեխնոլոգիաների ոլորտում իր կրթական ծրագրերով ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, և այդ ամենը շատ հոգեհարազատ է մեզ։ ՎԵՈՆ խումբն իր գործունեության բոլոր երկրներում իր առաքելությունն է համարում երիտասարդների համար հասանելի դարձնել լավ տեխնոլոգիական կրթությունը», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընդհանուր առմամբ Beeline-ի և Թումոյի այս համատեղ նախաձեռնության շնորհիվ իրականացվող հատուկ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: