Արմինֆո. Հայկական արտահանումը ԵԱՏՄ շուկաներում հսկայական չօգտագործված ներուժ ունի։ Արդեն 2020 թվականին, երբ ԵԱՏՄ մաքսային կարգավորումներն ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնեն հանրապետությունում, Հայաստանը պարտավոր է օգտվել ընձեռված հնարավորություններից։ Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին ասել է Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով, Հայաստանի կառավարությունն իր առաջիկա 5-ամյակի իր ծրագրում նախատեսել է արտահանման մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 23 տոկոսի ՝ ներկայիս 17 տոկոսի փոխարեն: Նպատակը բավականին հավակնոտ է, բայց Հանրապետությունը պարտավոր է դրան ձգտել, նշել է Խաչատրյանը։
Հենց ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նշել է տնտեսական զարգացման նախարարը, Հայաստանը կկարողանա ավելացնել արտահանման ծավալները մինչև ցանկալի ցուցանիշներ։ Գլխավոր բոնուսն այն է, որ, ըստ նախարարի, ԵԱՏՄ երկրներ արտահանելով՝ ՀՀ-ն ազատվում է մաքսատուրքի վճարումից։ ՙԱյսինքն, մենք պետք է լիարժեք օգտվենք ինտեգրման հեռանկարներից։ Եվ եթե մի կողմից մենք ասում ենք, որ Հայաստանի տնտեսությունը կտուժի ներմուծման մաքսատուրքերի բարձր դրույքաչափերից, ապա մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ շրջանակներում արտահանման ծավալներն ավելացնելու հնարավորություն կա՚, - պարզաբանել է նա։
Բացի ԵԱՏՄ երկրներից, Տիգրան Խաչատրյանի խոսքով, հայկական ապրանքների և ծառայությունների համար պոտենցիալ շուկաներ կարող են դառնալ Սերբիան, Իրանը, Վիետնամը և այլ երկրներ, որոնց հետ Եվրասիական միությունը նախատեսում է ազատ առևտրի գոտի ստեղծել: Սա, ըստ նախարարի, եւս մեկ հնարավորություն է Հայաստանի քաղաքացու, տեղական բիզնեսի, սպառման շուկաների ընդլայնման եւ ավելի շատ եկամուտներ ստանալու համար։
Նշենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո սննդամթերքի և հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը Հայաստանում, ինչպես և կանխատեսվում էր, անխուսափելի է դարձել։ Եվ չնայած նրան, որ Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունից հետո տրամադրվել է անցումային, այսպես կոչված, արտոնյալ ժամանակահատված, այն ավարտվում է 2020 թվականին։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից հանրապետությունում կհաստատվեն ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ մաքսատուրքերի միասնական դրույքաչափեր: Դրա հետ մեկտեղ ներկրողների կողմից վճարվող մաքսատուրքերը, որոնք կաճեն հունվարի 1-ից, չեն մտնի Հայաստանի պետական բյուջե, այլ, փաստացի, կգնան ԵԱՏՄ բյուջե, որից Հայաստանը ստանում է ընդհանուր ծավալի մոտ 1 տոկոսը։