Արմինֆո. Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 101.9%: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետին զեկուցվել է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1 մլրդ դրամով:
Աղբյուրի համաձայն, Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն: Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն: Խորհրդակցության վերջում քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Զավեն Առաքելյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատավայրում: Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի համակարգում էր աշխատում 2003թ.-ից ի վեր:
e-draft.am կայքում զետեղված Երեւանի բյուջեի նախագծի համաձայն, 2019-ին 2018-ի համեմատ աճ է ակնկալվում ինչպես ծախսերի, այնպես էլ եկամուտների գծով։ Այսպես, 2018 թվականին եկամուտները նախատեսվում էին 80 մլրդ 189 մլն 968.8 հազար դրամի չափով, 2019-ին ՝ 83 մլրդ 077 մլն 572.0 հազար դրամի չափով, իսկ ծախսերը կկազմեն 84 մլրդ 346 մլն 812 հազար դրամ: Քաղաքային բյուջեի դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 269 մլն 240 հազար դրամ ՝ 2018 թվականի բյուջեում ամրագրված 48 մլն դրամի փոխարեն։ Ս. թ. մարտին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2019 թվականի մայրաքաղաքի բյուջեի ծախսերն ավելացել են 10 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է մայրաքաղաքում նախատեսվող լայնածավալ աշխատանքներով:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |