Արմինֆո. Ամերիաբանկը և Սիթիբանկը առևտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո, իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, ում հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլ նաև հաստատող բանկ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ամերիաբանկի՝ միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով:
Սիթիբանկի և Ամերիաբանկի երկար տարիների համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում են գործարքների թիվն ու ծավալը, ինչը վկայում է փոխվստահության և արդյունավետ գործընկերային հարաբերությունների մասին:
<Ամերիաբանկի կողմից ներգրավվող առևտրի ֆինանսավորման միջոցները միջինում գերազանցում են տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարը. այս գործարքը Բանկի հերթական հաջող նախագիծն է առևտրի ֆինանսավորման շրջանակներում>,- նշվում է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ:
Արմինֆո գործակալության պատրաստած Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի համաձայն, Ամերիաբանկը 2018 թվականի ակտիվներն ավելացրել է 15% - ով, վարկային ներդրումները՝'12% - ով' այդ ցուցանիշների բացարձակ մեծությամբ պահելով առաջատար դիրքը: Կորպորատիվ վարկավորման 1-ին դիրքը նույնպես պահպանել է Ամերիաբանկը՝ 2018թ.ծավալի 5,7% աճով: Բայց մանրածախ վարկավորման գծով տարեկան աճը շատ ավելի բարձր է եղել ՝ 65,3%՝ 4-րդ հորիզոնական, ինչը վկայում է այստեղ էլ առաջատար դառնալու բանկի մտադրությունների մասին։ Բանկը արդյունաբերական սեկտորի վարկավորման (ներառյալ էներգոհամալիր), գյուղատնտեսության, շինարարության ոլորտի, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, հանրային սննդի եւ ծառայությունների ոլորտների, հիփոթեքային վարկավորման առաջատարների շարքում է: Բանկը առաջատարներ է նաև ՓՄՁ ոլորտի վարկավորման գծով: Բայց բանկի վարկային ներդրումների հիմնական կենտրոնացումը բաժին է ընկնում արդյունաբերության եւ առեւտրի ոլորտներին: Բանկի զուտ շահույթը 2018 թվականին աճել է 37,3 տոկոսով: Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը ցպահանջ պարտավորությունների գծով՝ 429.5 մլն դոլար, զբաղեցնելով 3-րդ տեղը ժամկետային ավանդների գծով՝ 395.4 մլն դոլար: Ֆիզիկական անձանց ավանդների գծով (ժամկետային եւ նախապատրաuտման) Ամերիաբանկը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 403 մլն դոլար (տարեկան 7,8% աճով): Ընդհանուր պարտավորություններով Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը՝ 690 մլրդ դրամ (1.5 մլրդ դոլար, տարեկան 13.5% աճով): Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինինստիտուտներից ներգրավված միջոցներին բաժին է ընկնում շուրջ 30% կամ 205.4 մլրդ դրամ (424.5 մլն դոլար, տարեկան 20% աճով): Այդ ցուցանիշով նույնպես պահպանվում է առաջատար դիրքը:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցն ունի 16 ստորաբաժանում, որոնցից 10 - ը մայրաքաղաքային և 6-ը տարածաշրջանային: Ամերիբանկի բաժնետերերն են Ամերիա Գրուպ CY Ltd. - 56,6%, EBRD-17,8%, Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ) - 13,98% եւ ESPS Holding Limited - 11,62%: Բանկն ամեն տարի արժանանում է Euromoney-ի, Global Finance-ի, The Banker/FT-ի, Commerzbank-ի տարբերակիչ պարգևների: Ամերիաբանկը երկու գործակալությունների վարկային վարկանիշ ունի` S&P (B+, "կայուն" կանխատեսմամբ) եւ Moody ' s (B1, "դրական" կանխատեսմամբ):