Արմինֆո.Մայիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումների վերաբերյալ դասընթացները, որոնց նպատակն է գնումների համակարգողներին ներկայացնել ոլորտում տեղի ունեցած հիմնական բարեփոխումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, դասընթացի առաջին օրը ենթաօրենսդրական փոփոխությունները ներկայացվել են գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին:
ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ ոլորտում ախտորոշված խնդիրների հիման վրա կատարվել է փոփոխություն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ, որն էլ նախորդ 7 ամիսների ընթացքում հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում, ինչպես նաև քննարկվել է պատվիրատուների, մատակարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
«Որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված ժամկետում: Բարեփոխումների հաջորդ փուլը կլինի գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները»,- ասել է Շահնազարյանը:
Նա նշել է, որ ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթացները նպատակ ունեն բարձրացնել գնումների համակարգողների մասնագիտական կարողությունները և կունենան պարբերական բնույթ:
Գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողների հետ քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |