Արմինֆո. Մոտ ժամանակներս Հայաստանում կբացվի աֆինաժի գործարան։ Այդ մասին հունիսի 19-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա խոսքով ՝ գործարանի բացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել շվեյցարական հայտնի ընկերության հետ (ընկերության անվանումը ԿԲ ղեկավարը նախընտրել է չհրապարակել - խմբ.):
Նոր ձեռնարկությունում նախատեսվում է ոսկու ձուլակտորներ արտադրել։ Գործարանի բացմամբ ոսկու հայրենական արտադրողները հնարավորություն կստանան կամ մետաղ վաճառել ձեռնարկությանը, կամ ձուլակտորներ պատվիրել մաքուր ոսկու, այլ ոչ թե Դորե համաձուլվածքի արտահանման նպատակով:
Ընդ որում, ԿԲ-ն նույնպես ոսկու ձուլակտորներ է ձեռք բերելու, բացառապես, դրամով՝ հնարավոր բոլոր ռիսկերը բացառելու նպատակով։ Չի բացառվում, շարունակել է Արթուր Ջավադյանը, որ ԿԲ-ն էլ հանդես գա որպես ապագա ընկերության բաժնետերերից մեկը ՝ 5% -6% բաժնեմասով։ Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ ապագա գործարանի տեղն արդեն որոշված է, լուծվել է նաեւ սարքավորումների հարցը: "Կարծում եմ, որ հաջորդ տարվանից ձեռնարկությունը կգործի նախագծային ողջ հզորությամբ", - նշել է ԿԲ նախագահը: Նա նաև հավելել է, որ գործարանը պետք է ունենա խոշոր արտադրական ներուժ, այլապես դրա աշխատանքն անիմաստ կդառնա ։ "Եթե արտադրության ծավալը կազմի տարեկան առնվազն 5-6 տոննա, ապա ամեն ինչ նորմալ կլինի", - կարծում է Ջավադյանը:
Նա հիշեցրել է, որ 2004 թվականին վաճառվել է պետության 1,6 տոննա ոսկու պաշարը։ Այն ժամանակ այդ քայլը պայմանավորված էր ոսկու համար սահմանված բարձր գնով, իսկ վաստակած միջոցներն ուղղորդվել են բարձր եկամտաբերությամբ մեխանիզմների իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Արթուր Ջավադյանը, ոսկին անհուսալի ակտիվ է:
Հիշեցնենք, որ Հայաստանում աֆինաժի գործարանի կառուցման գաղափարը քննարկվել էր դեռեւս 2007-2008 թվականներին, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը խափանել էր այն ժամանակվա կառավարության ծրագրերը: Այժմ Հայաստանում Դորե համաձուլվածքի (մաքուր ոսկու կիսաֆաբրիկատների) արտադրությամբ զբաղվում է միայն "Գեոպրոմայնինգ Գոլդ"ընկերությունը։ Աշխարհում այսօր գործում են բազմաթիվ աֆինաժի ձեռնարկություններ, որոնցից 6-ը՝ Ռուսաստանում։