
Արմինֆո. Խոշոր կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի չինական արտադրող Hisense ընկերությունը մտադիր է մոտ 1 մլն դոլար ներդնել Հայաստանում համատեղ արտադրության ստեղծման նպատակով: Այս մասին, պատասխանելով Արմինֆո-ի հարցին, լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության վաճառքի դեպարտամենտի փոխնախագահ Բրավեն Գուաու Յոնգանը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով ՝ նա արդեն երրորդ անգամ է գալիս Հայաստան եւ հասցրել է ծանոթանալ տեղի պայմաններին, գործարար մթնոլորտին և ներդրումային միջավայրին: <Մենք տեսնում ենք Հայաստանում մեր ընկրության գործունեության ընդլայնման համար հնարավորություններ>, - հայտարարել է նա:
Ինչպես նշել է Բրավեն Գուաու Յոնգանը, Hisense-ը նախատեսում է համագործակցություն հաստատել տեղական ընկերությունների հետ: Համատեղ արտադրության ստեղծման համար նախատեսված ներդրումների ծավալը առաջին փուլում կկազմի շուրջ 1 մլն դոլար, որի շրջանակներում, ինչպես սպասվում է, կստեղծվի շուրջ 50-100 աշխատատեղ: <Թիվը վերջնական չէ, և հնարավոր է ճշգրտումներ լինեն հայ գործընկերների հետ բանակցությունների ընթացքում>,- հայտարարել Է նա ՝ հավելելով, որ ՀՁ-ն իր գործունեության սկզբում կզբաղվի հեռուստացույցների արտադրությամբ, այնուհետև արտադրանքի տեսականին կընդլայնվի: Ինչպես սպասվում է, համատեղ ձեռնարկության շինարարությունը կմեկնարկի 2020 թվականին: