Արմինֆո. 2019 թ. առաջին 6 ամսվա տվյալով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն ԱՄՆ դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Կենտրոնական բանկի հետազոտություններով գիտենք, որ կոնկրետ արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումներով՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տարբեր վայրերում, այսպիսի ցուցանիշ է արձանագրվել, ինչը բավական ուրախալի է: <Մենք պետք է այս ուղղությունը զարգացնելու վերաբերյալ մեր քաղաքականությունը շարունակենք:
Պարոն Օսիպյան և պարոն Վանեցյան, իրավակարգը նույնպես շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար: ՀՀ-ում, ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար>,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի առաջարկով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը որոշ մանրամասներ է ներկայացրել արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների վերաբերյալ. 2019 թ. հունվար-հունիս ամիսներին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարի աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս, զբոսաշրջային գործակալություններում՝ 36 տոկոս: 12.3 տոկոսով՝ 85 հազարով, աճել է զբոսաշրջիկների թիվը: ԿԲ նախագահի խոսքով՝ սա ոչ թե թաքցված տուրիզմ է, այլ մեթոդաբանության փոփոխության արդյունք, որի շուրջ համատեղ աշխատանքը գործընկեր կառույցների հետ շարունակվում է: Ա. Ջավադյանը նշել է, որ այդ մեթոդների կիրառմամբ 2019 թ. առաջին կիսամյակում ծախսվել է 115-120 մլն դոլար ավելի, ինչով էլ նաև բացատրվում է ակտիվությունն ու առաջարկը արտարժույթի շուկայում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության երեկ կայացած դռնփակ նիստում մեթոդաբանության հարցը ևս քննարկվել է, և Զբոսաշրջության կոմիտեի կողմից վարվող վիճակագրության մեթոդաբանությունը թարմացման կարիք ունի՝ ավելի ճշգրիտ տեղեկատվություն և ցուցանիշներ ունենալու համար: