Արմինֆո.Հարկ չկա ակնկալել Հայաստանի տնտեսության այն մակարդակի աճ, երբ այն կարողանա նոր վարկերը ծածկել միջնաժամկետ հեռանկարում։ Վարկային պարտավորությունների գծով վճարումների աղբյուրը, ինչպես և նախկինում, լինելու են միայն հարկային մուտքերը և պետության եկամուտները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը։
"Անհրաժեշտ է հաշվի նստել իրողությունների, պետական բյուջեի վիճակի, դրա համալրման տեմպերի եւ, իհարկե, հարկային բազայի մակարդակի հետ։ Եթե նոր վարկերը վերցվեն պետության երաշխիքներով, սակայն, միեւնույն ժամանակ, ինքնածախսածածկ չլինեն, ապա դա կարող է հանգեցնել ֆինանսական իրավիճակի վատթարացմանը, ընդհանուր առմամբ, եւ բյուջետային դիսբալանսի ի հայտ գալուն: Փոխառության կոնկրետ աղբյուրների, ֆինանսավորման համար կոնկրետ նախագծերի եւ, ամենակարեւորը, ընդհանուր իրավիճակի ըմբռնման բացակայության պայմաններում պարտքային բեռի բարձրացումն անցանկալի է", - նշել է նա։
Փորձագետի գնահատմամբ, իրավիճակը խորանում է նրանով, որ տնտեսական աճի շարժիչ ուժը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, զբոսաշրջությունն ու ծառայությունները։ Մինչդեռ, նրա կարծիքով, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այնպիսի ավանդական ճյուղերում արտադրողականության մակարդակի բարձրացման համար, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, լեռնային մետաղագործությունը եւ քիմիական արդյունաբերությունը:
Միհրանյանի գնահատմամբ, լայնածավալ ներդրումային նախագծեր, որոնց համար միջազգային, ինստիտուցիոնալ եւ ռազմավարական ներդրողները կարող էին խոշոր վարկեր տրամադրել, Հայաստանում այսօր, պարզապես, չկան: Մինչդեռ, ցանկացած արտաքին փոխառություն, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից, նույնպես որոշակի նախագծեր է պահանջում։
Նշենք, որ Հայաստանն այսօր ՀՆԱ աճի տեմպերով լավագույն ցուցանիշն է ապահովում ԵԱՏՄ և, անգամ, Եվրոպայի երկրներում։ 2019 թվ ականի առաջին եռամսյակում այն կազմել է 7.1%: ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ 4,9 տոկոս աճ, սակայն ս.թ. հունիսի վերջին ՀՀ ԿԲ նորացված կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ - ի 2019 թվականի աճի միջակայքը զգալիորեն բարելավվել է, հասնելով 5,9-7,4 տոկոսի՝ նախկին 4,6-6,1 տոկոսի դիմաց: ՀՆԱ աճի կանխատեսման նման վերանայումը Կենտրոնական բանկը բացատրել է առաջին եռամսյակում սպասվածից ավելի բարձր տնտեսական աճով (տարեկան 7,1% - ով) և այս միտումը ս. թ. հաջորդ եռամսյակների ընթացքում շարունակելու բարձր հավանականությամբ: ՀՀ ԿԲ-ն կանխատեսվող աճի միջակայքի բարձրացումը պայմանավորել է ծառայությունների ոլորտի աճի բարձր տեմպերի պահպանմամբ և արդյունաբերական հատվածի մասնակիորեն ակտիվացմամբ, ինչպես նաև մասնավոր սպառման ակնկալվող էական ավելացմամբ:
Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի առաջին կիսամյակում աճել է ընդամենը 0,2 տոկոսով՝ փաստացի չշարժվելով 6,9 մլրդ դոլարի (3.3 տրլն դրամ) նշագծից: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ դրա կառուցվածքում արտաքին պարտքը I կիսամյակում կրճատվել է 1,4 տոկոսով՝ հասնելով 5.5 մլրդ դոլարի (2.6 տրլն դրամ), իսկ ներքին պարտքը, ընդհակառակը, աճել է 6,3 տոկոսով ՝ հասնելով 1.5 մլրդ դոլարի (705.1 մլրդ դրամ):
Մասնավորապես, կառավարության արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 1%-ով՝ մինչև 4.9 մլրդ դոլար, ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքի 4,5%-ով, մինչև 525 մլն դոլար անկման պայմաններում: Ընդ որում, ՀՀ ԿԲ արտաքին պարտքը կառավարական երաշխիքներով վարկերի մասով կազմել է 26% կամ 136.5 մլն դոլար՝ 4,2% կիսամյակային անկումով:
2019թ. հուլիսի 1-ի դրությամբ արտաքին աղբյուրներից կառավարությունը ներգրավել է 4.1 մլրդ դոլար ծավալի վարկեր (0,7% կիսամյակային անկումով)։ Մասնավորապես, միջազգային կազմակերպություններից ներգրավված վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3.2 մլրդ դոլար (կիսամյակային անկումը ՝ 0.8%), օտար երկրներից ՝ 931.5 մլն դոլար (կիսամյակային անկումը ՝ 0.01%), առևտրային բանկերից՝ 21.7 մլն դոլար (կիսամյակային անկումը՝ 4.4%):