Արմինֆո.Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում: Այս մասին "ՌԻԱ Նովոստիին" տված հարցազրույցում հայտարարել Է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի գծով միջոցառումներին։
Փոխվարչապետի խոսքով՝ այժմ շարունակվում է Վրաստանի եւ Իրանի հետ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը: "Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, սինխրոն աշխատենք ցանցում։ Այդ համագործակցությունը շատ կարեւոր է։ Հիմա մենք ուզում ենք կառուցել մի համակարգ, որը թույլ տա սինխրոն աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխել հաճախականությունները, որպեսզի մենք կարողանանք կապված լինել", - ասել է Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով ՝ ցանցերի միավորման իմաստն այն է, որ "ունենա մեկ գլոբալ շուկա եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք":
Նշենք, սակայն, որ ի սկզբանե Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան 400/500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերը նախատեսվում էր ավարտել մինչեւ 2019 թվականի վերջը: Մինչդեռ, այսօրվա դրությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի վրա աշխատանքները կատարվել են 20-25 տոկոսով, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը դեռ չի սկսվել: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ և Հայաստան-Վրաստան 500 կՎ էլեկտրահաղորդման գիծ։ Այդ նպատակով Վրաստանի սահմանին նախատեսվում է կառուցել "Այրում" և "Դդմաշեն" 2 էլեկտրաենթակայան։ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի նախնական արժեքը, FICHTNER ընկերության տվյալների համաձայն, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը պետք է լինի Վրաստանի ավանդի մի մասը: Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր։ Մասնավորապես, 168 մլն եվրո վարկի տեսքով տրամադրել է գերմանական KfW բանկը, եւս 10 մլն եվրո կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը։ Սպասվում է եւս 10 մլն եվրո Եվրոպական հանձնաժողովից՝ դրամաշնորհի տեսքով։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ապա այդ նախագծի ֆինանսավորումն իրականացնում է իրանական կողմը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն դոլար, սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկտամամբ սահմանված նոր պատժամիջոցները, մտավախություն կա, որ այդ ներդրումային ծրագրի ծավալները կկրճատվեն: