Արմինֆո. Շվեյցարական responsAbility Investments AG ընկերությունն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարի վարկային ֆինանսավորմամբ ապահովված արժեթղթերի թողարկման գործարք` ուղղված զարգացող երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման այս ձևը, միավորելով տարբեր ակտիվները մեկ ֆոնդում, ներդրողներին (արժեթղթեր ձեռք բերողներին) առաջարկում է եկամտաբեր և միաժամանակ ավանդական պարտքային և բաժնային ներդրումներից քիչ կախված, ընդհանուր տնտեսական զարգացմանը նպաստող ֆինանսական գործիք:
Որպես արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպիչ հանդես է գալիս JP Morgan ընկերությունը, իսկ հիմնական ներդրողներից մեկն է ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան, որը տրամադրել է գործարքում ներգրավված մասնավոր ինստիտուցիոնալ ներդրումները մոբիլիզացնելու համար անհրաժեշտ օժանդակ կապիտալը:
«Այս գործարքը վկայում է, որ զարգացող երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումն արագ զարգանում է և արդեն հասել է այն մակարդակին, երբ կարող է օգտվել կապիտալի հիմնական շուկաների ֆինանսավորման հնարավորություններիցե, – նշել է responsAbility ընկերության ֆինանսական հաստատությունների վարկավորման բաժնի համաղեկավար Թոմաս Մյուլերը:
«Մենք շատ ուրախ ենք, որ այս գործարքի միջոցով միանում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ֆինանսավորող բարձրակարգ կազմակերպությունների միջազգային թիմին: Մեզ համար պատիվ է մասնակցել կապիտալի համաշխարհային շուկաների մակարդակում իրականացվող այս նորարարական գործարքին, որում ներգրավված են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են responsAbility-ն, JP Morgan-ը և որպես ներդրող` ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան և այլ բարձրակարգ ներդրողներե, – նշել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Թառումյանը:
Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարին Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր: Համագործակցության այս նոր երկարաժամկետ գործիքները թույլ կտան բարելավել Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը` զգալիորեն ընդլայնելով Հայաստանում ձեռներեցների և էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները: responsAbility ընկերության գործադիր տնօրեն Ռոխուս Մոմարցը նշել է. «Ներառական բիզնես-մոդել ունեցող ֆինանսական հաստատությունները երկրի զարգացման կարևոր խթան ենե: Համագործակցության մեկնարկը սկսվում է 2016թ. հունիսից, երբ Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև: Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:
Նշենք, որ responsAbility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է` 3 մլրդ ԱՄՆ դոլարի պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային և բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող` ներառական բիզնես-մոդելներ ունեցող շուրջ 540 կազմակերպությունների: Հիմնադրվել է 2003 թ., գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները` Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայիում, Նայրոբիում, Օսլոյում ու Փարիզում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով. ակտիվները գերազանցել են $1.6 մլրդ-ն, վարկային ներդրումները '$ 1.1 մլրդ-ն: Կորպորատիվ վարկավորման գծով նույնպես առաջատարն Ամերիաբանկն է՝ $910.2 մլն: Բանկը առաջատարների շարքում է արդյունաբերական հատվածի (ներառյալ՝ էներգետիկ համալիրը), ագրոհատվածի, շինարարության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, հանրային սննդի եւ ծառայությունների ոլորտների վարկավորման գծով: Բանկն առաջատարն է նաեւ ՓՄՁ ոլորտի վարկավորման գծով՝193.6 մլն դոլար: Զուտ շահույթի մակարդակով նույնպես Ամերիաբանկն առաջատարն է՝ 21.7 մլն դոլար: Ընդհանուր պարտավորություններով ևս Ամերիաբանկը առաջատար է, որի կառուցվածքում միջազգային ֆինինստիտուտներից ներգրավված միջոցներին բաժին է ընկնում շուրջ 30% - ը կամ $424.5 մլն: Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են հանդիսանում` Ameria Group CY Ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited - 11.62%: