Արմինֆո.ՀՀ կառավարությունը մշակել և շահագրգիռ կազմակերպություններին է ուղարկել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2019-2023թթ. ռազմավարության նախագիծը: Փաստաթղթի գործողության ավարտին, ինչպես հավաստիացնում են դրա մշակողները, շատ չափանիշներով Հայաստանը ՓՄՁ ոլորտում կհասնի բալթյան երկրների 70% միջին ցուցանիշին:
Ինչպես հայտնում են որոշ ԶԼՄ-ներ, որոնց ձեռքում է հայտնվել նախագիծը, այդ փաստաթղթով սահմանվում են ՓՄՁ զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակները, նպատակները եւ ակնկալվող արդյունքները եւ առաջիկա 5 տարիների ընթացքում նշված նպատակներին հասնելու կոնկրետ միջոցառումները:
Այսպես՝ ռազմավարությունն ուղղված է 1000 բնակչի հաշվով փոքր և միջին ձեռնարկությունների թվի ավելացմանը՝ հատկապես հանրապետության մարզերում։ Ներկայումս ՓՄՁ-ների միջին քանակը 1000 բնակչի հաշվով կազմում է 20,1 միավոր ։ Փաստաթղթի գործողության ավարտին նախատեսվում է ցուցանիշի ավելացում մինչև 42 միավոր։ Այդպիսով՝ այդ ցուցանիշը կհասնի բալթյան երկրների 70% միջին ցուցանիշին։ Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվելու հանրապետության մարզերում ՓՄՁ-ների թվի ավելացմանը, որտեղ այսօր ցուցանիշը հասնում է 15,8 միավորի:
Ռազմավարության հաջորդ նպատակը ՓՄՁ սուբյեկտների արտադրողականության բարձրացումն է ։ Այս փուլում միջին ընկերություններում մեկ աշխատողի աշխատանքի արտադրողականությունը կազմում է շուրջ 7,8 մլն դրամ (մոտ 16,3 հազար դոլար), իսկ գերփոքր եւ միջին ընկերություններում ՝ շուրջ 8,3 մլն դրամ (շուրջ 17,2 հազար դոլար):
Փաստաթուղթն ուղղված է նաև ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացմանը՝ ֆինանսավորման այլընտրանքային գործիքների զարգացման միջոցով:
2019-2023թթ. ընթացքում կիրականացվեն միասնական բրենդի ստեղծման միջոցառումներ: Դրա համար կանցկացվեն օրենսդրական բնույթի մի շարք միջոցառումներ, դասընթացների եւ ցուցահանդեսների կազմակերպում, արտահանման սուբսիդավորում եւ այլն ։
Հիշեցնենք, որ համաձայն ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (SME DNC) 2018 թվականի հուլիսի սկզբի տվյալների ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում ՓՄՁ-ների մասնաբաժինը մնում է անփոփոխ ՝ կազմելով շուրջ 28 տոկոս: Ըստ ազգային կենտրոնի չափանիշների ՝ այդ պահին Հայաստանում գործող 75 հազար ՓՄՁ տնտեսվարող սուբյեկտներից 60 տոկոսը մասնավոր ձեռնարկատերեր են, և միայն 40 տոկոսն է բաժին ընկնում կազմակերպություններին ։
Նշենք, որ փաստաթղթի տեքստին անմիջապես ծանոթանալ ԱրմԻնֆո-ի թղթակցին չի հաջողվել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, նախագիծը դեռեւս մշակման փուլում է, ընթանում է քննարկում շահագրգիռ կառույցների հետ եւ, չգիտես ինչու, այս փուլում հրապարակման, նշանակում է՝ հրապարակային քննարկման ենթակա չէ: