Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ռիսկեր չի տեսնում՝ կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման դադարեցման դեպքում բյուջեի կատարման և մակրոտնտեսական կանխատեսումներից շեղումների հետ։ Այս մասին օգոստոսի 22-ին կառավարության նիստից հետո հայտարարել Է նախարարը ։
Նրա խոսքով ՝ Հայաստանի տնտեսության համար ուժեղ հարվածի մասին խոսելն այս դեպքում սխալ կլինի։ Սակայն, ինչպես պարզաբանել է ֆինանսների նախարարը, ծրագրի կասեցումը որոշակի ազդեցություն կունենա տնտեսության վրա, ինչպես նաեւ ցանկացած խոշոր տնտեսավարող սուբյեկտի աշխատանքը կամ աշխատանքի դադարեցումը: <Բիզնեսի գործունեության դեպքում դա իր հետ բերում է դրական սպասումներ ՝ մեծացնելով տնտեսական ներուժը, իսկ գործունեության դադարեցման դեպքում ձեւավորվում են բացասական սպասումներ, որոնք կունենան իրենց անմիջական արձագանքները>, - պարզաբանել է նա:
Նշենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հնարավոր դադարեցմանը, հայտարարել էր, որ ոմանք կարող են համարել, որ ռիսկեր չկան, մյուսները կարող են բավականին խնդրահարույց համարել դա: Թունյանի կարծիքով ՝ դա շատ բացասական ազդանշան կհանդիսանա հավանական ներդրողների համար։ <Եթե հանքը փակելու որոշում կայացվի, դա կնշանակի նման որոշման հնարավորություն մյուս ներդրումային նախագծերի իրականացման դեպքում։ Հնարավոր է ՝ ես ավելի շատ տնտեսական ռիսկեր եմ տեսնում ։ Բայց ինձ համար այս պահին տնտեսական ռիսկերը շատ ավելի բարձր են և ավելի կանխատեսելի, քան էկոլոգիական ռիսկը>, - հայտարարել է նա։
Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մատնանշել է ծրագրի շարունակման դեպքում Հայաստանի տնտեսության համար ակնհայտ <դիվիդենտները>: <Բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։ Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։ Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում>,- գրել է նա: