Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019 13:19
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Բելառուսը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղիներ են փնտրում

Հայաստանն ու Բելառուսը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղիներ են փնտրում

Արմինֆո. Օգոստոսի 22-ին Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի հետ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։ Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաև գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում սահմանված գործիքակազմի առավել արդյունավետ կիրառմամբ։ Դեսպան Ղևոնդյանն ու Դմիտրի Կրուտոյը քննարկել են նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։

 

Երկու պետությունների պետական կառույցների և գործարար համայնքների մակարդակով երկխոսության աշխուժացման, ինչպես նաև փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի առաջմղման հեռանկարային եղանակների հստակեցման համատեքստում ընդգծվել է դեսպանության-նախարարության ձևաչափում պարբերական հանդիպումների կարևորությունը։