
Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի /ԱՄՎ/ չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի ևս 30 տարով։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, ասել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ։
Նա հիշեցրել է, որ Կոմիտեն 2000թ. Հայկական ատոմային էլեկտրակայանին տվել է համապատասխան լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Որպես կանոն, շարունակել է Աշոտ Մարտիրոսյանը, աշխատած միջուկային վառելիքը կարող է պահվել նման պահեստներում 300 տարի ։ Այնուամենայնիվ, լիցենզիան տրվում է 50-70 տարի ժամկետով, սակայն, հաշվի առնելով անվտանգության ապահովման նպատակով պարբերական հետազոտությունների անցկացման կարեւորությունը՝ Կոմիտեն Հայկական ԱԷԿ-ին տվել է 20 տարի ժամկետով լիցենզիա: Ներկայումս պահեստարանը լցված է ընդամենը 20% - ով: Ճիշտ է, ինչպես նշել է Կոմիտեի նախագահը, տվյալ դեպքում խոսքը ցածր ակտիվության աշխատած միջուկային վառելիքով պահեստարանի մասին, մինչդեռ արդեն այսօր պետք է մտածել միջին ակտիվության ԱՄՎ պահեստարանների մասին:
Պատասխանելով կայանից ԱՄՎ Ռուսաստանի տարածք դուրսբերման հեռանկարների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին, ինչի մասին հայտարարվել էր
ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համատեղ համակարգող կոմիտեի նիստին՝ Աշոտ Մարտիրոսյանը մատնանշել է այդ նախագծի քաղաքական բնույթը: Նա ընդգծել է, որ ԱՄՎ արտահանումը կարելի է իրականացնել բացառապես երկաթուղով, Ադրբեջանի տարածքով այդ հավանականությունը զրոյական է, իսկ Վրաստանի տարածքով կապված Է Աբխազիայում առկա խնդիրների հետ: Սակայն, ինչպես նկատել է Աշոտ Մարտիրոսյանը, եթե քաղաքական մակարդակով հարցը լուծվի, հնարավոր կլինի մտածել նաև խնդրի լուծման տեխնիկական կողմի մասին ։
Կոմիտեի նախագահը թերահավատորեն է տրամադրված նաև Հայաստանում աշխատած միջուկային վառելիքի համար <գերեզմանոց> կառուցելու հնարավորությունների առնչությամբ։ <Այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրություններ է պահանջում, խնդիրը Հայաստանում համապատասխան տարածքների առկայության, երկրաբանական, երկրաքիմիական, բնապահպանական փորձաքննությունների անցկացման մեջ է>,-ասել է Աշոտ Մարտիրոսյանը: