Արմինֆո. Հայաստանի նոր կառավարության ամենամեծ հաջողությունն օլիգարխիկ տնտեսությունից ներառական տնտեսությանն անցումն է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nouvelle d'Arménie ամսագրում հրապարակված հարցազրույցում:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հարցազրույցում վարչապետը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ ՙԻսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարեւոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի եւ արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միեւնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետեւանքներով։ Նույնն է նաեւ հանքարդյունաբերության դեպքում՚, - ընդգծել է վարչապետը, հավելելով, որ միակ հնարավոր ճանապարհը տեխնոլոգիաների եւ վերամշակող տնտեսության զարգացումն է։
ՙԵւ ես կարծում եմ՝ մի օր անհրաժեշտ կլինի նախատեսել օրենք արգելելու համար հումքի եւ հանքանյութերի արտահանումը Հայաստանից։ Բայց դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հենց երկրում ունենանք խոշոր ձուլարաններ, մոլիբդենի վերամշակման գործարաններ եւ ամբողջական հանքարդյունաբերություն։ Սա է այն ճանապարհը, որ մենք մտադիր ենք եւ պետք է բռնենք։ Դեռ ոչ մի թերզարգացած երկիր չի հաջողել պաշտպանել իր շահերը հակամարտության մեջ։ Ամեն ինչ կապված է տնտեսական առողջության հետ։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը գրանցել է ամենամեծ աճը եվրոպական բոլոր երկրների մեջ: Շատ ուրախանալու առիթ չունենք, որովհետեւ մենք սկսել ենք շատ ցածրից։ Բայց դա լավ ու իրական նշան է։ Ո՞րն է մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր։ Դե, իհարկե, ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին զբաղվել ձեռներեցությամբ։ Այսօր տնտեսությունն ազատ է։ Որպիսինն էլ լինի գործունեության ոլորտը, չկան սահմանափակումներ։ Որոշ ժամանակ առաջ արտադրելու, ներկրելու, արտահանելու համար անհրաժեշտ էր ենթարկվել օլիգարխների կողմից խմբագրված կանոններին։ Բայց այդ ժամանակն անցել է, խոչընդոտները հանվել են։ Ներկայում յուրաքանչյուրը կարող է ներդրում անել, աշխատել, ցույց տալ իր տաղանդը։ Քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա։ Մյուս կողմից, իհարկե, կան այլ արգելքներ՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, բարձր տոկոսադրույքներ, թերի ենթակառուցվածքներ, կառուցվելիք ճանապարհներ եւ այլն։ Դա այն էկոհամակարգն է, որ պետք է կառուցենք։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։