Արմինֆո. Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։ Այդ մասին ասվում է Ջրային կոմիտեի լրատվական ծառայության հայտարարության մեջ:
<Որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Թյուրիմացությունից, սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար Ջրային կոմիտեն ներկայացնում է իրականությունն ու պարզաբանումԱյս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148․343մլն խ/մ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131․538մլն խ/մ էր, տարբերությունը կազմում է 16․805մլն խ/մ ջուր։ Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129․044մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174․956մլն խ/մ էր։ Ուշադրություն ենք հրավիրում թվերի տարբերությանը․ փաստորեն, այս տարի Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը / ներառյալ ստորերկրյա ներհոսքը/ նախորդ տարվանից ավելի է 16․805 մլն խ/մ-ով։ Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սևանից այս տարի պակաս է վերցվել 45,912մլն խ/մ ջուր։ Հիշենք, որ անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խ/մ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք ևս առաջացավ, Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խ/մ թույլատրված ջրառից օգտագործվեց 200․623 մլն խ/մ-ն։ Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլև համակարգում կանխատեսում են ևս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի, իհարկե, նաև՝ բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ։
Իրականությունը սա է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019թ-ին Սևանից 51 մլն խ/մ-ով պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում․ թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են և ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը։
Ինչ վերաբերում է լճի մակարդակի և ջրառի խնայողության զուգահեռներին, ապա դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն, քանի որ լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով․ կա գոլորշացման բնական երևույթը, կան նաև ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները և այլն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան մասնագետները։
Լճի մակարդակի վերաբերյալ ևս տվյալները փոփոխվում են և եթե որոշ լրատվամիջոցների մտահոգությունը հարուցած՝ 1սմ-ի տարբերություն էր գրանցվել օգոստոսի 29-ին, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես արդեն ներկայացրել ենք, ցուցանիշը նույնն է, ինչ՝ անցյալ տարվանը։ Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Սևանի հետ կապված՝ ներկայացված բոլոր թվերը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության չափումների տվյալներն են, որոնք պարբերաբար հրապարակվում են>,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2019 թ. օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճից բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: <Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել>,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին կառավարության կայացրած որոշման համաձայն, 2019 թվականին Սևանա լճից ջրի բացթողումները չեն գերազանցի 170 մլն խմ-ը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ՝ Սևանա լճից ջրի բացթողման անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածի մարզերում 32 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի ոռոգման անհրաժեշտությամբ: Հանրապետության ջրամբարները, ինչպես նշել էր նախարարը, լցված են, սակայն դրանք գտնվում են վերը նշված մարզերին անհասանելի վիճակում ։ Գերատեսչությունը կանի իրենից կախված ամեն ինչ լրացուցիչ ջրառը բացառելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ 170 մլն խմ - ն տեղավորվում է երկրի գործող օրենսդրությամբ սահմանված ծավալների մեջ: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել էր կառավարության ղեկավարը, անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել լճի ջրերը, որպեսզի թույլ չտրվի լրացուցիչ ջրառ: