ArmInfo. ՎՏԲ - Հայաստան Բանկը նախատեսում է մի քանի ամսից գործարկել նոր հեռահար ծառայություն՝ ֆիզիկական անձանց առցանց վարկավորման համակարգ: Այս մասին սեպտեմբերի 4-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հայտնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Սոֆյա Մաճկալյանը։
<Նոր պրոդուկտի շրջանակներում մենք կհամագործակցենք մի շարք գործընկերների հետ, որոնց կայքերի միջոցով, ինչպես նաեւ անմիջապես ՎՏԲ - Հայաստան Բանկի կայքում հաճախորդը կարող է լրացնել սպառողական վարկ ստանալու կարճ հայտ, եւ բանկն առցանց ռեժիմով որոշում կընդունի վարկ տրամադրելու կամ մերժելու մասին>, - պարզաբանել է նա: Այն դեպքում, եթե հայտը հաստատվի, Ս. Մաճկալյանի խոսքով, վարկի գումարը ավտոմատ կերպով կհաշվեգրվի հաճախորդի քարտին կամ հաշվին:
Բանկի նոր հեռահար ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն բանկը կներկայացնի մամուլի ասուլիսի ընթացքում, որի մասին նախապես կհայտարարվի:
ԱրմԻնֆո ԼԳ կողմից պատրաստած՝ Հայաստանի բանկերի ռենքինգի համաձայն, սպառողական վարկերի գծով ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է առաջատարությունը՝ 157 մլրդ դրամ ($329 մլն) կամ ավելի քան 62% բանկի վարկային պորտֆելում: Տարեկան կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է սպառողական վարկերի ծավալը 70% - ով: Սպառողական վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը շուկայում գերազանցում է 17,4% - ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: