
Արմինֆո. ԱՄՆ-ը 4,8 մլն դոլարով կավելացնի Հայաստանին ֆինանսական աջակցության չափը՝ արդյունավետ կառավարման ծրագրի իրագործման համար: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել ավելի արդյունավետ մասնակցության և հաշվետու կառավարման զարգացման հայ-ամերիկյան համաձայնագրի 8-րդ ուղղման ստոորագրմանը։
Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև 2013-ին ստորագրված այս համաձայնագրի համաձայն, նախատեսվում էր, որ ամերիկյան կողմը Հայաստանին կտրամադրի 37 մլն դոլարի ֆինանսական աջակցություն: Սակայն բանակցությունների արդյունքում այդ գումարը կավելանա 4,8 մլն դոլարով:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, իհերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին ի պատասխան հաղորդել է, որ միջոցները կուղղորդվեն մասնավոր բիզնեսին աջակցելուն և ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ գյուղական վայրերում: Ընդ որում, վայրի ընտրությունը եւ ֆինանսավորման ուղղությունները սահմանվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, որը մրցույթի հիման վրա ընտրում է ծրագրի կապալառուներին: Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել ջրագծերի, ոռոգման համակարգերի վերանորոգմանը կամ կառուցմանը եւ այլն: Այդ ծրագրերը, Տիգրան Խաչատրյանի ասելով, համապատասխանում են կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրին: