Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին հրավիրել է Հայաստան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝ նախարարին ներկայացվել են փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։
Նշենք, որ համաշխարհային էներգետիկ 24-րդ Կոնգրեսը նպատակաուղղված է Էներգետիկայի ոլորտով շահագրգիռ միջազգային կողմերի միավորմանը, ներառյալ կառավարությունները, մասնավոր եւ պետական կորպորացիաները, գիտական շրջանակներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն ավելի քան 15 000 մասնակիցներ, ավելի քան 250 բարձրաստիճան զեկուցողներ, 72 նախարար, 500 գլխավոր տնօրեններ, ԶԼՄ-ների 1000 ներկայացուցիչներ, ցուցահանդեսային տարածքը կկազմի 40 000 քառակուսի մետր եւ կընդգրկի ամբողջ էներգետիկ սպեկտրը: Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը համաշխարհային էներգետիկ խորհրդի գլխավոր գլոբալ իրադարձությունն է, որն առաջարկում է յուրահատուկ հարթակ համաշխարհային էներգետիկ առաջատարների համար՝ ուսումնասիրելու նոր էներգետիկ հեռանկարները, նորարարությունների կրիտիկական ոլորտները եւ նոր ռազմավարությունները: Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը առաջին անգամ է անցկացվում Մերձավոր Արեւելքում՝ ավելի քան 90 տարի առաջ Համաշխարհային էներգետիկ խորհրդի ստեղծումից ի վեր: Ազդեցիկ էներգետիկ միջոցառումը ընդգրկում է գլոբալ էներգետիկ օրակարգի բոլոր ասպեկտները: