
Արմինֆո. 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով: Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՙՖեյսբուքի՚ իր էջում:
ՙԱռաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 601 հազար 524, այդ թվում՝ մասնավոր ոլորտում գրանցված աշխատողների թիվը կազմել է 403 հազար 358: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում այս թվերը: Որովհետեւ դրանք այնքան լավն են, որ հավատալը հեշտ չէ՚, - գրել է Փաշինյանը:
Մինչդեռ, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում գործազրկության մակարդակը, որը հաշվարկված է նոր մեթոդաբանությամբ և հաշվի չի առնում տնային տնտեսությունում զբաղվածներին, 2019թ. առաջին եռամսյակում կազմել է 21,9 տոկոս՝ նախորդ տարվա 21 տոկոսի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործազուրկների թիվը կազմել է 253.6 հազ. մարդ՝ տարեկան 6.7% աճով: Գործազուրկների ընդհանուր կառուցվածքում տղամարդկանց բաժին է ընկնում 60 տոկոս կամ 152.2 հազար մարդ (տարեկան 14.4 տոկոս աճով), իսկ կանանց՝ 40 տոկոս կամ 101.4 հազար մարդ (տարեկան 2,9 տոկոս անկումով):
Վարչապետի հրապարակած տվյալները, անկախ դիտորդների կարծիքով, կարելի է կապել ոչ այնքան նոր աշխատատեղերի բացման, որքան հարկային վարչարարության բարելավման հետ, ինչի շնորհիվ երկրում կրճատվում է ստվերային աշխատողների թիվը։
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, գործազրկության մակարդակը 2019 թվականին կկազմի 15,9 տոկոս (հին մեթոդաբանությամբ), միջնաժամկետ հեռանկարում տարեկան 0,1-0,2 տոկոսային կետով նվազմամբ՝ մինչեւ 15,5 տոկոս (նախկինում սպասվող 15,6 տոկոսի դիմաց):