Արմինֆո. Սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին, որի շրջանակներում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդյունավետությունը և դրանց զարգացման հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրներում:
Վերջին տարիներին հարկաբյուջետային քաղաքականության կայունության ապահովումը ԵԱՏՄ անդամ պետությունների ուշադրության կենտրոնում է: Այս խնդրի լուծմանն ուղղված հիմնական գործիքներից մեկը հարկաբյուջետային կանոններն են: Ինտեգրման զարգացումը և եվրասիական տարածքում տնտեսությունների փոխկապակցվածության աճն ապահովելու տեսանկյունից կարևոր է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից բյուջետային կանոնների կիրառման փորձի փոխանակումը արդի տնտեսական քաղաքականության մշակման համատեքստում: Ավելին, յուրաքանչյուր պետության հարկաբյուջետային կանոններից զատ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված են անդամ պետությունների պետական պարտքի և դեֆիցիտի միասնական սահմանային արժեքներ, որոնք կարող են դիտարկվել որպես ընդհանուր բյուջետային կանոններ անդամ երկրների համար:
Ֆորումի ընթացքում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդի համակարգերի արդյունավետությունը, անդամ երկրների համագործակցության զարգացման ուղղությունները մակրոտնտեսական համատեղ քաղաքականություն վարելու տեսանկյունից՝ հաշվի առնելով տնտեսությունների միջև եղած տարբերությունները, հարկաբյուջետային կայունության ընդհանուր ստանդարտների սահմանումը:
ՀՀ ՖՆ մակրոտնտեսական վարչության պետ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով ՀՀ-ում հարկաբյուջետային կանոնների արդիականացման գործընթացը և այդ ուղղությամբ բարեփոխումների փորձը, նշել է, որ հարկաբյուջետային կանոնները պարզապես սահմանափակումներ չեն, այլ ճկուն ուղենիշներ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության համար: Նա ընդգծել է, որ երկրներն ունեն մակրոտնտեսական քաղաքականության իրականացման տարբեր արժեքներ և մշակույթներ, և անհրաժեշտ է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մոտեցնել այդ արժեքները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |