Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019 12:05
Նաիրա Բադալյան

Ժամանակն է, որ սփյուռքահայ ներդրողները ևս մեկ քայլ անեն և մտածեն Հայաստանում տնտեսական ներդրումների մասին. Փաշինյան

Ժամանակն է, որ սփյուռքահայ ներդրողները ևս մեկ քայլ անեն և մտածեն Հայաստանում տնտեսական ներդրումների մասին. Փաշինյան

Արմինֆո. Հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան իրականացրել է "Լինսի հիմնադրամը"։  Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի ՙԳրանդ փարքում՚ կայացած հանրահավաքում։

 

Վարչապետի խոսքով, առաջիկա տարիներին Հայաստանում կվերանորոգվեն հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ, դպրոցներ, կկառուցվեն մանկապարտեզներ։  Սակայն, ինչպես նշել է Փաշինյանը, դա չի նշանակում, թե Սփյուռքն այլևս գործ չունի։ "Ընդհակառակը, ժամանակն է սփյուռքահայ ներդրողներին ևս մեկ քայլ անել և մտածել Հայաստանում տնտեսական ներդրումների մասին, շահույթ ստանալ, հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը", - նշել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ սփյուռքը, որն աջակցում էր Հայաստանում հեղափոխությանը, կաջակցի նաև ՀՀ-ում տնտեսական հեղափոխությանը:  Այս համատեքստում Փաշինյանը սփյուռքահայ բոլոր գործարարներին հրավիրել է Հայաստան։  "Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, վերացվել են մենաշնորհներն ու օլիգարխիայի իշխանությունը, հաղթահարվում է ստվերային տնտեսությունը", - ընդգծել է նա։  Վարչապետի հավաստմամբ, տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը թույլ են տալիս պնդել, որ տնտեսական վերելքի համար կան բոլոր նախադրյալները։