Արմինֆո. «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում:
Ինչպես ասվում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ: Վարկանիշը տրամադրվել է Moody's Investors Service (“Moody's”) ռեյտինգային ընկերության կողմից: Գնահատականը տրվել է անկախ երկրի կարգավիճակից, այսինքն, հաշվի է առնվել միայն ընկերության դիրքը և գործունեության ցուցանիշները համաշխարհային հարթակում: «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը շնորհվել է B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշ:
ՙՀատկանշական է, որ B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշը հավասար և բարձր է այնպիսի միջազգային հանքարդյունաբերող ընկերությունների վարկանիշներից ինչպիսիքն են` բրիտանական «First Quantum Minerals»-ը և «Petropavlovsk plc»–ը, կանադական «Eldorado Gold Corporation»-ը և «Taseko Mines Limited»-ը, ամերիկյան «HudBay Minerals. Inc»-ը՚, - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ԶՊՄԿ-ի միջազգային վարկանիշ անցնելու ընթացակարգը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռեւս հուլիսին ընկերությունը հայտարարել էր պարտատոմսերի շուկա դուրս գալու մասին ՝ նախանշելով 50 մլն ԱՄՆ դոլար ծավալով արժեթղթերի թողարկման գումարը: Ընկերությունը պարտատոմսերի փոխառության պարամետրերի մասին այլ տեղեկատվություն դեռ չի հաղորդում: Ըստ Արմինֆո գործակալության տեղեկությունների, որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալիս Ամերիաբանկը:
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Հանքաքարով կոմբինատի ապահովվածությունը կազմում է մոտ 150 տարի։ Կոմբինատը արտադրում է մոլիբդենի և պղնձի խտանյութեր։ Մոլիբդենի խտանյութը պարունակում է 50% մոլիբդեն, պղնձի պարունակությունը պղնձի խտանյութում առնվազն 15% է։ Ընկերության ստացած պղնձամոլիբդենային խտանյութը Եվրոպա է առաքվում Իրանի և Վրաստանի տարածքով։
Որպես ընկերության բաժնետերեր հանդես են գալիս գերմանական Cronimet Mining ընկերությունը (60%), "Երևանի մաքուր երկաթի գործարան" ԲԲԸ-ն (15%), "Armenian Molybdenum Production" ՍՊԸ-ն և "Զանգեզուր Մայնինգ" ՍՊԸ-ն (յուրաքանչյուրը՝ 12,5%):
Կոմբինատի կողմից վերամշակվող արտադրանքը մատակարարվում է Եվրոպա։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2019 թվականի առաջին կիսամյակում գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը՝ պետական գանձարան վճարելով 29.5 մլրդ դրամ, որից 837.1 մլն դրամ՝ մաքսատուրքեր, 17 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 839.7 մլն դրամ ՝ անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ):
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հրապարակված տվյալների համաձայն ՝ ընկերության ակտիվները կազմել են 583,2 մլն ԱՄՆ դոլար: Պարտավորությունները կազմել են 364.1 մլն դոլար։ 2018 թվականի զուտ շահույթը կազմել է 32.1 մլն դոլար ։ Ընկերությունն սկսել է օգուտով աշխատել 2017-ին, մինչդեռ 2016-ի արդյունքներով այն ունեցել է 85 մլն դոլարի զուտ կորուստ ։
Ընկերության եկամուտը 2018 թվականին կազմել է 413.2 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ
տարվա համախառն շահույթը կազմել է 200.1 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ շահութաբերության գործակիցը (EBITA) կազմել է 7.77։
Ըստ աղբյուրի, "վարկանիշը շնորհվել է անկախ երկրի կարգավիճակից, այսինքն, հաշվի է առնվել միայն ընկերության դիրքը և գործունեության ցուցանիշները համաշխարհային ասպարեզում": Նշենք, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ստացած վարկանիշը երկու սանդղակով ցածր է 2019 թվականի օգոստոսի 27 - ին Moody's-ի կողմից Հայաստանին շնորհված սուվերեն վարկանիշից (Ba3՝ կայուն կանխատեսում ):